Սեյրան Օհանյանի համար ամենաթանկ նվերը «բնույթով ոչ նյութական է, նշանակությամբ` կենսական»

Armenpress 17:08, 28 Դեկտեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախարարների հետ «Արմենպրես»-ի արած ամանորյա հարցազրույցների շարքը փաստեց, որ նրանք բոլորն էլ ինչ-որ չափով մասնակցում են ամանորյա գնումներին, երազանքներ պահում, նույնիսկ հավատում հրաշքին: Բացառություն չէ նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

-Պարո’ն  Օհանյան, Ամանորն ունի յուրահատուկ խորհուրդ:  Մարդիկ սկսում են երազանքներ պահել, հավատալ հրաշքներին:   Դուք հավատու՞մ եք   ամանորյա հրաշքին:  

 

-Մանուկ հասակում հավատում էի ամանորյա հրաշքին: Իսկ ընդհանրապես, հրաշքի հավատում եմ: Հրաշքով է, որ ես այսօր եւս հնարավորություն ունեմ հայրենիքին ծառայել:

 

-Կա՞ արդյոք մի երազանք, ցանկություն, որը պահում եք յուրաքանչյուր Ամանորին, սակայն   դեռ չի իրականացել:  

 

-Վերջին 20 տարիների իմ ամենամեծ երազանքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի անկախության միջազգային ճանաչումն է, այդ թվում` Ադրբեջանի կողմից: 

 

-Նվերներ ստանալ սիրում են բոլորը: Լինում են նաեւ նվերներ, որոնք հիշվում ես ամբողջ կյանքի ընթացքում: Ո՞րը Դուք կմտաբերեք: 

 

-Ինձ համար ամենաթանկ նվերը բնույթով ոչ նյութական է, սակայն նշանակությամբ` կենսական.  դա հայ զինվորի խիզախ ծառայությունն է:

 

-Թեեւ տոնակատարությունները միշտ բերում են խինդ եւ ուրախություն, այնուամենայնիվ, հաճախ այդ օրերն ուղեկցվում  են մի շարք «հաճելի հոգսերով», որոնց  շարքին են դասվում  նաեւ ամանորյա գնումները: Դա Ձեզ համար հո՞գս է,  թե՞ հաճույք: 

 

-Ամանորի տոնակատարության կազմակերպչական մասը հիմնականում կինս է հոգում: Ես փորձում եմ թեթեւացնել տիկնոջս հոգսը, ինչը ինձ համար հաճելի պարտավորություն է:

 

-Իսկ ի՞նչ կմաղթեք այս տարի հայ ժողովրդին:  

-Խաղաղություն եւ բարեկեցիկ կյանք, իսկ երիտասարդ ընտանիքներին` շատ երեխաներ: Թող 2012 թվականը առատ լինի հաճելի փորձություններով, որը մեզ կօգնի չկորցնել զգոնությունը եւ զարգանալու ներքին մղումը: 

 

Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am