Բյուրականի աստղադիտարանին հանձնվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավաստագիրը

Armenpress 13:09, 19 Դեկտեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում ընգդրկվել է աշխարհահռչակ աստղագետ Բենիամին Մարգարյանի իրականացրած բյուրականյան սպեկտրային շրջահայությունը: Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը դեկտեմբերի 19-ին Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանին է  հանձնել հավաստագիրը: Մինչ այսօր Հայաստանի կողմից այդ ռեգիստրում ներկայացված էր միայն Մատենադարանը:

«Աշխարհի հիշողություն» ռեգիստրում ընդգրկված են աշխարհի փաստագրական ժառանգություններ, որոնք ճանաչվել են բացառիկ նշանակության արժեքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Աստղադիտարանի ավագ գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը, այդ մեծածավալ դիտողական աշխատանքը կատարվել է 1965-1980 թվականներին` Մարգարյանի եւ իր աշխատակիցների կողմից: Այն հանդիսանում է աշխարհում ամենամեծ սպեկտրային շրջահայությունը` ծածկելով հյուսիսային երկնքի մեծ մասը, ինչպես նաեւ ակտիվ գալակտիկաների որոնման առաջին կանոնավոր ծրագիրը, որի արդյունքում հայտնաբերվել է գերմանուշակագույն ավելցուկով 1500 գալակտիկա (Մարգարյանի գալակտիկաներ): Մարգարյանի շրջահայությունը թվայնացվել է 2002-2005 թվականներին ու նրանում պարունակվող կարեւորագույն տեղեկատվությունը ընդմիշտ պահպանված է, ընդ որում այդ աշխատանքը Հայաստանում առաջին թվայնացման նախագիծն էր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am