Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ դեսպանության ռազմական եւ ռազմաօդային կցորդին

Armenpress 13:55, 29 Նոյեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական եւ ռազմաօդային կցորդ գնդապետ Ե.Վասիլեւին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նկատի ունենալով ՀՀ եւ ՌԴ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների ընդհանուր մոտեցումները' հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի բուհերում ուսուցման կազմակերպման եւ կատարելագործման խնդիրները, կրթության եւ կադրերի պատրաստման ոլորտում համագործակցության հեռանկարները, ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում:

Հաշվի առնելով Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները' ռազմական կրթական համակարգերի համատեղելիության ապահովման նպատակով կողմերը կարեւորել են զինվորական կադրերի պատրաստման ծրագրերի, որակավորման բնութագրերի պահանջների համակարգման աշխատանքների շարունակման, ինչպես նաեւ զինծառայողների ուսուցման մեթոդների նկատմամբ մոտեցումների մշակման անհրաժեշտությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am