Ոչ բոլոր դպրոցների կաթսայատներն են գործում

Armenpress 17:22, 17 Նոյեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական կաթսայատուն ունեցող դպրոցների ջեռուցումը պաշտոնապես սկսել է նոյեմբերի 15-ից, բայց չնայած դրան, որոշ դպրոցներ շարունակում են առանց ջեռուցման մնալ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, մի քանի դպրոցների կաթսայատներ գազի միացման հետ կապված խնդիրներ ունեն, բայց թե քանի տոկոսը' Հովհաննիսյանը դժվարացավ ասել: «Արմենպրես»-ի այն հարցին' արդյոք ճի՞շտ է հանրապետության բոլոր դպրոցների ջեռուցումը սկսել նույն ամսին, հաշվի առնելով տարբեր կլիմայական գոտիների եղանակային պայմանները' վարչության պետը նշեց, որ նման դպրոցներում, նախքան կաթսայատների գործարկումը, ջեռուցման էլեկտրական սարքեր են օգտագործվել: Նա նաեւ հավաստիացրեց, որ հաջորդ տարում կմտածեն գարնանային կամ աշնանային արձակուրդները բարձր լեռնային շրջանների դպրոցների համար առավել նպատակահարմար ամիս տեղափոխելու ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am