«Վոյցեկ» մյուզիքլը կստիպի հանդիսատեսին անջատել բջջային հեռախոսները. խոստանում է երիտասարդ ռեժիսորը

Armenpress 10:13, 3 Նոյեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համազգային թատրոնի բեմում նոյեմբերի 15-ին հանդիսատեսի դատին կներկայացվի «Վոյցեկ» մյուզիքլը, որի ռեժիսորն է Արթուր Մակարյանը: «Մյուզիքլը հզոր մթնոլորտ է ապահովելու' հնարավորություն չտալով հանդիսատեսին հեռախոսները չանջատելու եւ որեւէ այլ բանի մասին մտածելու»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց երիտասարդ ռեժիսորը:

Նրա խոսքով' «Վոյցեկ»-ն ամիսներ առաջ երկու անգամ ցուցադրվել է հյուրերի նեղ շրջանակի համար, սակայն հանրությանը չի ներկայացվել: Այնպես որ, հանդիսատեսին առաջնախաղ է սպասում Համազգայինում, ինչպես նաեւ նոր մոտեցում. ներկայացումը ողջ ընթացքում ուղեկցվելու է կենդանի նվագակցությամբ:

«Վոյցեկ»-ի գլխավոր թեման մարդն է, ում ինչ-ինչ պատճառներով խոչընդոտում են այլ մարդիկ' ներխուժելով նրա կյանք: Մյուզիքլում ներգրավված են շուրջ 30 մասնակիցներ' դերասաններ, երաժշիտներ, պարողներ: «Վոյցեկ»-ը ժամանակակից մարդու կերպար է, ով գիշեր-ցերեկ աշխատում է, սակայն մի քանի այլ կերպարներ խեղաթյուրում են նրա անձնական կյանքը, անդորրը, եւ հերոսը դիմում է մի գործողության, որին բանական մարդը չէր գնա' սպանում է իր կնոջը»,- պատմեց մյուզիքլի գլխավոր հերոս' «Վոյցեկ»-ի դերը մարմնավորող դերասան Արմեն Սարգսյանը: Դերերում են Շողիկ Գրիգորյանը, Նարեկ Բաղդասարյանը, Օֆելյա Բեգոյանը, այլք: Բեմադրության երկար աշխատանքներից եւ ստեղծագործական որոնումներից հետո, հաղթահարելով ֆինանսական եւ այլ խոչընդոտներ, «Վոյցեկ»-ը խոստանում է նորույթ լինել հայկական թատերական կյանքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am