Դիպլոմներ՝ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի առաջին շրջանավարտներին
ԻՋԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր դիպլոմներ հանձնվեցին Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի առաջին շրջանավարտներին' իննսունմեկ ուսանողի'»Պատմություն/իրավունքի հիմունքներ», «Մանկավարժություն եւ հոգեբանություն», «Հայոց լեզու եւ գրականություն», «Մաթեմատիկա, ինֆորմատիկա եւ ֆիզիկա» մասնագիտություններից: ԵՊՀԻՄ տնօրինության կողմից դիպլոմների հանձնումը կազմակերպվել էր հանդիսավոր պայմաններում:
Ինչպես «Արմենպրես»-ի Տավուշի մարզի թղթակցին տեղեկացրին ԵՊՀԻՄ հեռակա ուսուցման բաժնից, այս շրջանավարտները ոչ միայն մասնաճյուղի, այլեւ ընդհանրապես մայր բուհի հեռակա ուսուցման բաժնի առաջին շրջանավարտներն են, քանի որ առաջին հեռակա ուսուցման բաժինը բացվել է հենց Իջեւանի մասնաճյուղում:
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ տնօրինության եւ դասախոսական անձնակազմը, ուսումնամեթոդական, կադրերի եւ օժանդակ բաժիննների աշխատակիցներ, մասնաճյուղի 4 ֆակուլտետների դեկանները, ինչպես նաեւ շրջանավարտների հարազատներն ու երեխաները:
Հատկանշական է, որ առաջին շրջանավարտներից շատերն այս ուսումնառության շնորհիվ արդեն հաջողության են հասել իրենց աշխատանքային գործունեության ասպարեզում: Նրանց շարքերում կան դպրոցի տնօրեններ, գյուղապետեր, ավագանու անդամներ,մանկավարժներ եւ սպաներ:
ՏԵղեկացնենք, որ կրթօջախը գործում է 1991թ., նախ' որպես քոլեջ, ապա, 1994թ.-ից' ԵՊՀԻՄ: Այսօր մասնաճյուղում սովորում է ավելի քան 2 հազար ուսանող, որից 830-ը' հեռակա ուսուցման բաժնում: Բացի վերոնշյալ չորս մասնագիտություններից, հեռակա ուսուցման բաժնում ուսուցանվում են նաեւ «Բնապահպանություն եւ բնօգտագործում», «Տնտեսագիտություն» մասնագիտությունները: