1000х90.jpg (78 KB)

Կառուցվել է Արցախի Նորագյուղ համայնքի ներքին ջրաբաշխիչ ցանցը

Armenpress 11:27, 26 Մայիս, 2011

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում նախօրեին տեղի է ունեցել նորակառույց ներքին ջրաբաշխիչ ցանցի բացման հանդիսավոր արարողությունը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ ԼՂՀ կառավարության համատեղ ֆինանսավորմամբ իրականացված ծրագրի ընդհանուր արժեքը 211 մլն դրամ է, որի շինարարական աշխատանքներն իրականացրել է «Քարավան» ՍՊ ընկերությունը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հիմնադրամի շինարարության բաժնի գլխավոր մասնագետ Հակոբ Գյուլգյուլյանը, աշխատանքները կատարվել են շատ բարձր մակարդակով: Ըստ նրա' ծրագրի տեխնիկական վերահսկողությունն իրականացվել է ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության եւ հիմնադրամի համապատասխան մասնագետների կողմից:

Նորագյուղի համայնքապետ Էդուարդ Մարդյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ 24 ժամում համայնքը ստանում է 350տ ջուր, այն դեպքում, երբ համայնքի պահանջը ներկայում կազմում է 300տ: Սակայն ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարար Կառլեն Պետրոսյանն էլ նշեց, որ անհրաժեշտ է տեղադրել ջրաչափեր, որպեսզի ջուրը բավարարի համայնքի բնակիչներին: «Ներկայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկում ենք այդ հարցը, թե ինչ միջոցներով ենք իրականացնելու: Կարծում եմ' առաջիկայում այն լուծում կստանա»,-ասաց Կ. Պետրոսյանը:

Նշենք նաեւ, որ մինչեւ ջրաչափերի տեղադրումը, Նորագյուղի համայնքի ղեկավարի տեղեկացմամբ, բնակիչները կանոնավոր ջուր կստանան' ըստ համայնքապետարանի կազմած գրաֆիկի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am