1000х90.jpg (78 KB)

Ըստ Կարսի «Մարդկության հուշարձան»-ի հեղինակի` եթե այն քանդվի, թուրքերը չեն տարբերվի թալիբներից

Armenpress 20:07, 22 Ապրիլ, 2011

ԱՆԿԱՐԱ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարսի` մարդասիրություն խորհրդանշող «Մարդկության հուշարձան»-ի` ապրիլի 23-ին քանդման աշխատանքները սկսելու կապակցությամբ, հուշարձանի հեղինակ, քանդակագործ Մեհմեդ Աքսոյը հայտարարել է, որ հուշարձանի քանդման դեմ ապրիլի 23-ին Կարսում բողոքի ակցի են անցկացնելու, ինչի համար Թուրքայի տարբեր քաղաքներից Կարս կժամանեն 200 արվեստագետներ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներ, Կարսի հիշյալ հուշարձանի պատվիրատու, մինչեւ 2009 թ-ը Կարսի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Նայիֆ Ալիբեյօղլուն եւ Մ.Աքսոյը ապրիլի 21-ին հանդես են եկել մամուլի ասուլիսով: Մ. Աքսոյը նշել է, որ հունիսի 12-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում ազգայնականների ձայները հավաքելու նպատակով` հուշարձանը քանդելու իր հրահանգով Թուրքիայի վարչապետ Թայիբ Էրդողանը նպաստեց, որ ամբողջ ախարհում Կարսի անունը շոշափվի բացասական կերպ:

 

Նա տեղեկացրել է, որ արվեստագետներն ու Կարսի արվեստասեր հասարակութունը հավաքվելու են հուշարձանի մոտ եւ փորձելու են իրենց վճռական «ոչ»-ն ասել հուշարձանի քանդմանը: «Եթե հուշարձանը քանդվի, ապա թուրքերը թալիբներից ոչնչով չենք տարբերվի», -ասել է Մ.Աքսոյը` նշելով, որ այժմ արձանի ապամոնտաժմանը դեմ է Կարսի բնակչության գրեթե 70 տոկոսը: Կարսի նախկին քաղաքապետը նշել է, որ Էրդողանի` հուշարձանը քանդելու հրահանգից հետո իրականում հայ-թուրքական բարեկամության խորհրդանիշ հանդիսացող «Մարդկության հուշարձան»-ի վերաբերյալ 5 հազար հրապարակում է եղել:

 

«Մեր քաղաք են այցելում հազարավոր տեղացի եւ արտասահմանցի զբոսաշրջիկներ: Հուշարձանի ավարտից հետո նախատեսված էր կառուցել արհեստական ջրվեժ, ճոպանուղի եւ ռեստորաններ», - նշել է Ն.Ալիբեյօղլուն: Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Կարս այցելած Էրդողանը պահանջել է ապամոնտաժել հուշարձանը` անվանելով այն «անճոռնի եւ այլանդակ»: Հուշարձանի նախնական անունը եղել է «Հայաստանի հետ բարեկամության եւ հաշտության հուշարձան», իսկ հետո, ազգայնականների կտրուկ արձագանքների արդյունքում այն վերանվանվել է «Մարդկության հուշարձան»: Ներկայում Կարսում սկսվել են հիշյալ հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am