Կբարելավվեն Երեւանի թիվ 16 ավագ դպրոցի պայմանները

Armenpress 13:44, 21 Փետրվար, 2011

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունում ԿԳ նախարարի ու «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի միջեւ այսօր կնքվեց համագործակցության հուշագիր, որը նպատակ ունի ժամանակակից ուսուցման մեթոդների ներդրման միջոցով նպաստել Երեւանի Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցում կրթության որակի բարձրացմանը եւ ուսուցիչների հմտությունների զարգացմանը:

 

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքով` հուշագրի նպատակն է` հասարակական կառույցներին ներգրավել կրթության ոլորտի աջակցման ծրագրերում: Նախարարը նշեց, որ պետությունը, կատարելով իր սահմանադրական պարտավորությունները, հրավիրում է համագործակցության այս ոլորտում պատասխանատվություն ունեցող գործարար կառույցներին:

 

Ա. Աշոտյանի համոզմամբ` ավագ դպրոցները ռազմավարական կարեւորություն ունեն: Թիվ 16 ավագ դպրոցի ընտրությունն աջակցության համար նախարարը բացատրեց այդ դպրոցի ծանր շենքային եւ գույքային վիճակով: «Մեր առջեւ խնդիր է դրված` օգնել ամենակարիքավոր հաստատություններին: Իսկ մեր աշխատանքի արդյունքն առավել ակնհայտ կլինի, երբ այս դպրոցի գույքային պայմանները կբարելավվեն»,-նշեց նախարարը: «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը նշեց, որ, լինելով Հայաստանի խոշոր գործարարներից մեկը, առաջինն արձագանքեց օրեր առաջ Ազգային ժողովում ԿԳ նախարարի հնչեցրած կոչին:

 

«Կադրային առումով մեր ունեցած բացը գալիս է հանրակրթության ոլորտում եղած բացից: Կոչ եմ անում բոլոր գործարարներին միանալ այս քայլին: Թող այս օրինակը վարակիչ լինի»,- նշեց Բ. Բեգլարյանը` տեղեկացնելով, որ հուշագիրն անժամկետ է: Ի դեպ, Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ հիմնադրամի օրինակին հետեւողներ արդեն իսկ կան: Կրթության ոլորտում ԿԳ նախարարության աշխատանքին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Հայաստանի խոշոր բուհերից մեկը` Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am