Թումանյան 9 հասցեում բացվեց Բենիկ Պետրոսյանի հուշաքարը

Armenpress 18:20, 22 Դեկտեմբեր, 2010

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ այսօր Թումանյան 9 հասցեում բացվեց հայ նշանավոր քանդակագործ Բենիկ Պետրոսյանի հուշաքարը, որի հեղինակը ճարտարապետ Լեւոն Իգիթյանն է:

 

Արվեստագետի կնոջ` Ալիսա Ադամյանի խոսքով` 1976-1996թթ-ին Բենիկ Պետրոսյանի` այս հասցեում գտնվող արվեստանոցը հայտնի էր Երեւանում որպես մի յուրօրինակ Վերնատուն, որտեղ հավաքվում էին արվեստի մարդիկ, մտավորականներ, նրա ընկերները: «Արվեստանոց այցելել են շատ նշանավոր մարդիկ, որոնց շարքում հատկանշական է 1978 թ-ին տիեզերագնացներ Ռոմանենկովի եւ Գրեչկոյի այցելությունը»,- ընդգծեց նա: Արվեստաբան Սարո Սարուխանյանի խոսքով` քանդակագործը երբեք չէր մտածում նորարությունների մասին. նա միշտ հանդարտ ստեղծագործում էր. կարծես դա անում էր ինքն իր համար` հիացնելով բոլորին:

 

«Շատ երջանիկ եմ, որ Բենոյի նման ընկեր ունեցա: Նրա բացը դեռեւս լրացված չէ մեզանում եւ բացակայությունը շատ է զգացվում»,-ասաց նա: Միջոցառմանը ներկա էին քանդակագործ, հուշաքարի հեղինակ Լեւոն Իգիթյանը, ճարտարապետներ, քանդակագործներ, վարպետի հարազատները, արվեստասերներ: Հիշեցնենք, որ հոբելյանական միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվել է հոբելյանական ցուցահանդես, հրատարակվել է նաեւ «Բենիկ Պետրոսյան-70» պատկերազարդ ալբոմը:

 

Բ. Պետրոսյանը (1939-1996) կյանքից հեռացել է ստեղծագործական ծաղկուն շրջանում` 57 տարեկանում, թողնելով եզակի ու ինքնատիպ ստեղծագործական ժառանգություն: Հայ արվեստասերին ներկայանալով իբրեւ մանրաքանդակի հիմնադիր ու անգերազանցելի վարպետ` նա միաժամանակ հիացնում է բազմաժանրությամբ` թողնելով մոնումենտալ եւ հաստոցային քանդակի, դրվագումի, գեղանկարի ու գրաֆիկայի, ձուլածո եւ կոփածո աշխատանքների, խեցեգործության մի ստվար ժառանգություն:

 

Նրա աշխատանքները ցուցադրվել են ոչ միայն հայրենիքում, այլ նաեւ նախկին խորհրդային տարածքում, Ռումինիայում, Հրավսլավիայում, Կանադայում, Ճապոնիայում, Սիրիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում: Նա թողել է 1000-ից ավելի աշխատանքներ` քարից, մետաղից, կավից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am