1000х90.jpg (78 KB)

Դիլիջանում բացվեց Երկրագիտական թանգարան-պատկերասրահը

Armenpress 18:58, 30 Սեպտեմբեր, 2010

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ այսօր հանդիսավորապես բացվեց Երկրագիտական թանգարան-պատկերասրահը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գեղարվեստի ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի տնօրեն, գեղանկարիչ Ղազար Ղազարյանը, 1950-ական թվականներին ստեղծվել էր գավառագիտական թանգարան, որի հիմնադիրը մանկավարժ Եղիշ Հովսեփյանն էր:

 

«Տների կառուցման, պեղումներ կատարելու ժամանակ հայտաբերված առարկաների հիման վրա ստեղծվել է գավառագիտական թանգարանը: Հետագայում Հայաստանի ազգային պատկերասրահն իր ֆոնդից թանգարանին տրամադրել է բավական շատ նկարներ: Այդ ֆոնդը տարիների ընթացքում համալրվել է, թե Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից տրամադրված գործերով, թե Հայաստանի նկարիչների միության նվիրատվություններով»,-ասաց Ղ. Ղազարյանը:

 

Արդյունքում ստեղծվել է 700 անուն կերպարվեստի աշխատանքների հավաքածու: Նախկինում թանգարանը տեղակայված է եղել հին հյուրանոցային շենքում, որը եղել է բավական անմխիթար վիճակում: Հետագայում որոշում է կայացվել շենքն ամբողջությամբ քանդել եւ նորը կառուցել: Շենքի կառուցման աշխատանքները սկսվել են 2008թ-ին, ֆինանսավորման համար համայնքային բյուջեից տրամադրվել է 208 մլն դրամ: Այսօր արդեն հետաքրքիր ճարտարապետական լուծումներով նորակառույցը բաց է արվեստասերների համար: Ղ. Ղազարյանի խոսքով, ներկայացված է շուրջ 400 ցուցանմուշ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am