Քանդակագործ Է. Շախիկյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով

Armenpress 16:58, 21 Սեպտեմբեր, 2010

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրեց քանդակագործ Էդուարդ Շախիկյանին: Սեպտեմբերի 21-ը քանդակագործի համար եռատոն է: Անկախության տոնից, պարգեւատրումից բացի, այսօր լրանում է նրա ծննդյան 60-ամյակը:

«Սա իմ առաջին պարգեւն է, եւ ես շատ ուրախ եմ ու հուզված: Ոգեւորող է, երբ երկար տարիների գործունեությունդ գնահատվում է»,-ասաց Է. Շախիկյանը: Է. Շախիկյանը քանդակագործությամբ սկսել է զբաղվել 1970 թվականից, բազմաթիվ քանդակների հեղինակ է, դրանցից է «Ջուր ծախող տղա»-ն, «Տղամարդիկ»-ը, «Գնդերով աղջիկ»-ը եւ այլն: Քանդակագործն իր համար առանձնացնում է «Նարդի խաղացող մարդը» քանդակը եւ դրամի հուշարձանը: «Իմ աշխատանքը շատ եմ սիրում, կարելի է ասել, ես դրանով ապրում եմ: Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր աշխատանքը սիրով ու եռանդով պետք է կատարի, այդ պարագայում անպայման լավ արդյունք կստացվի»,-ասաց Է. Շախիկյանը:

Քանդակագործը պատրաստվում է իր համար եռատոնը նշել ազգականների եւ ընտանիքի հետ: Է. Շախիկյանի գործերից պահվում են պետական թանգարաններում, մասնավոր հավաքածուներում: Նա իր ստեղծագործությունները ներկայացրել է նաեւ աշխարհի տարբեր երկրներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am