Կլոր սեղան-քննարկում` նվիրված ՍԴՀԿ 20 անդամների նահատակման 95-ամյակին

Armenpress 15:10, 15 Հունիս, 2010

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում այսօր անցկացվեց «Քսաններ-քաղաքական դասեր» թեմայով կլոր սեղան-քննարկում` նվիրված էր 1915թ-ի հունիսի 15-ին Պոլսում գտնվող Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության 20 անդամների նահատակման 95-ամյակին: Հիշեցնենք, որ ՍԴՀԿ-ն որոշում էր ընդունել հայ ժողովրդի դեմ գործած բազմաթիվ ոճիրների եւ ցեղասպանություն ծրագրելու համար մահվան դատապարտել Օսմանյան Թուրքիայի ղեկավարներին` Թալեաթին, Ջեմալին եւ Էնվերին: Մահապատժի իրականացմումն իր վրա էր վերցրել ՍԴՀԿ Թուրքիայի գործադիր հանձնախմբի ատենապետ Փարամազը` Մաթեւոս Սարգսյան: Երիտթուրքական գաղտնի ծառայության գործակալներից մեկը, սակայն, մատնել է անձնազոհ հայորդիներին: Պոլսում գտնվող Հնչակյան քսան անդամները ձերբակալվել են ու 1915 թ-ի հունիսի 15-ին Կ. Պոլսի «Սուլթան Բայազետ» հրապարակում կախաղան բարձրացվել:

Ինչպես նշեց քննարկման բանախոս, գրող հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, այս օրը պատմական է հայերի համար եւ շատ կարեւոր է, որ ոգեկոչման արարողություններ են կազմակերպվում: «Կարեւոր ծրագիր էին ցանկանում իրականացնել հնչակյանները, սակայն ձախողվեց: Մի գիշերվա մեջ ձերբակալվեցին 140 հնչակյաններ, որոնցից 20-ին կախաղան բարձրացրեցին, սակայն նրանց գաղափարները շարունակում են ապրել: Այսօրվա սերունդը առաջնորդվում է նրանց գաղափարներով` այն է ազատ, անկախ, միացյալ Հայաստան ունենալ»,-ասաց Գ. Ջանիկյանը: Կուսակցության մամուլի պատասխանատու Նարեկ Գալստյանը նշեց, որ ամեն տարի Սփյուռքի բազմաթիվ հայաշատ գաղութներում ի հիշատակ հերոսների ոգեկոչման արարողություններ են կազմակերպվում:

«Այս տարի Հայաստանում նույնպես նման միջոցառումներ են անցկացվում: Մենք բացի ոգեկոչման արարողությունից որոշել ենք կլոր-սեղան քննարկումներ անցկացնել, որի նպատակն է ոչ միայն 1915թ-ին կատարվածը մանրամասն ներկայացնելը, այլեւ պատմաբանների, մասնագետների միջոցով հասկանալ, թե ինչ դասեր կարելի է քաղել»,-ասաց Ն. Գալստյանը: Միջոցառումները մեկնարկել են երեկ` երեկոյան. անցկացվել է մոմավառություն Ծիծեռնակաբերդի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի անմար կրակի մոտ: Այսօր Ծիծեռնակաբերդում ի հիշատակ զոհվածների կտնկվի եղեւնի: Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչներ, պատմաբաններ, գրողներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am