«Արմսվիսբանկ»-ը կունենա «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ

Armenpress 20:22, 2 Ապրիլ, 2010

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 3-ից «Արմսվիսբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը կունենա «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում 2009թ.-ի հոկտեմբերի 29-ից «AHEK» հապավմամբ ցուցակված «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ից, ներկայում բորսայի «B» ցուցակում ընդգրկված է «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության` 1,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 5,962,074 բաժնետոմս:

 

Շուկա ստեղծողի կարգավիճակում «Արմսվիսբանկ»-ը կապահովի բաժնետոմսերի անընդհատ երկկողմ գնանշումներ` երաշխավորելով երկրորդային շուկայում «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի իրացվելիությունը եւ ներդրողների համար ստեղծելով ցանկացած պահին դրանք վաճառելու կամ գնելու հնարավորություն: «Արմսվիսբանկ»-ը ֆոնդային բորսայի անդամ է 2007թ.-ի սեպտեմբերի 14-ից եւ ներկայումս շուկա ստեղծողի դերում գործում է նաեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերության պարտատոմսերի երկրորդ թողարկման (HRGAB2) համար, որը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի «Abond» ցուցակում ընդգրկված միակ պարտատոմսն է:

 

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն Հայաստանի կապիտալի շուկայում առաջինն է իրականացրել բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում ցուցակված կամ առեւտրին թույլատրված որեւէ այլ ընկերության բաժնետոմսերի շուկա ստեղծող չի գործում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am