1000х90.jpg (78 KB)

Ազգային պատկերասրահում բացվեց գերմանաբնակ Նոնա Գաբրիելյանի անհատական ցուցահանդեսը

Armenpress 00:00, 4 Հուլիս, 2008
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Հայրենիքից մեկնելուց 15 տարի հետո երեւանցի քանդակագործուհի, նկարչուհի եւ բանաստեղծուհի Նոնա Գաբրիելյանը կերպարվեստի երկրպագուներին ներկայացավ իր 45 աշխատանքներով, որոնք ստեղծվել են վերջին տարիներին: «Պլաստիկա, գեղանկար, բանաստեղծությունե անվանումով նրա անհատական ցուցահանդեսն այսօր հանդիսավորապես բացվեց Հայաստանի ազգային պատկերասրահում: Բացման արարողության ժամանակ դիմելով ներկաներին, պատկերասրահի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Փարավոն Միրզոյանը մասնավորապես նշեց, որ մեկուկես տասնամյակ առաջ տեղափոխվելով Գերմանիա, նկարչուհին կարողացել է շփվել եվրոպական բարձր արվեստի հետ, իր ստեղծագործություն բերել նրա բարերար ազդեցությունը: Եվ դա զգացվում է նրա այդ շրջանի աշխատանքներում, որոնք եւ այսօր ներկայացվում են հանդիսատեսին: ՀՀ նկարիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Աղամյանը, խոստովանելով, որ ցուցադրությունը դեռ չի դիտել, համոզմունք հայտնեց, որ այն տոն է լինելու արվեստասերներին համար: Նկարչուհուն ողջունեց նաեւ պատմաբան, Սարդարապատի ազգագրական թանգարանի նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանը, որը ժամանակին իր թանգարանում կազմակերպել էր նրա եւ նրա ամուսնու՝ Վան Սողոմոնյանի աշխատանքների ցուցահանդեսը: Շնորհակալության խոսք ասաց նկարչուհին, որն իր կտավների ու քանդակների կողքին ցուցադրել էր նաեւ իր բանաստեղծությունների գրքերը՝ ռուսերեն եւ գերմաներեն: Նոնա Գաբրիելյանը ծնվել է Թբիլիսիում, ավարտել Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակագործության բաժինը, տարբեր երկրներում մասնակցել խմբակային ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներ է բացել Հայաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում (ավելի քան 10 անգամ), üրանսիայում: Նրա աշխատանքները պահվում են Սարդարապատի ազգագրական, Մոսկվայի Արեւելքի ժողովուրդների, կիրառական արվեստի թանգարաններում, տարբեր երկրների մասնավոր հավաքորդների մոտ:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am