Մարտակերտի շրջանի Չափար գյուղում բացվել է նորակառույց մանկապարտեզ

Armenpress 00:00, 1 Մայիս, 2007
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Նարինե Ղազարյան): ԼՂՀ Մարտակերտի շրջանի Չափար գյուղում ապրիլի 30-ին հանդիսավորությամբ բացվեց նորակառույց մանկապարտեզը: Արարողությանը ներկա էր նաեւ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը: Արդի պահանջները բավարարող նախադպրոցական կրթօջախ կհաճախի 20 երեխա, ապահովված է 10 աշխատատեղ: Շենքը կառուցվել է բարերար Վարուժան Գրիգորյանի հովանավորությամբ. նրա միջոցներով է նաեւ հայրենի գյուղում կառուցվել է 4 կմ-ոց ջրատարը, վերանորոգվել զոհված ազատամարտիկների բնակարաններ: Բարերարը նշեց, որ իր ծրագրերն այսքանով չեն եզրափակվում: Այսուհետ հայրենի գյուղում ծնվող յուրաքանչյուր երեխայի համար իր միջոցներից կհատկացվի 1000 ԱՄՆ դոլար, իսկ հարսանյաց բոլոր հանդեսները կկայանան իր հովանավորությամբ: Նա նշեց, որ կան շրջանի հետ կապված խոշոր ծրագրեր եւս: Նպատակ կա ստեղծել շինարարական կազմակերպություն, նաեւ հիմնել «Վարուժան Գրիգորյանե բարեգործական հիմնադրամ: Այսինքն, ամեն մի ծրագիր կիրականացվի հիմնադրամի միջոցներով, իսկ Չափարում բացված մանկապարտեզը այդ ծրագրի սկիզբն է: Շրջվարչակազմի շենքում կայացած հանդիպման ընթացքում ԼՂՀ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Կառլեն Պետրոսյանը ներկայացրել է այն ծրագրերը, որոնք կյանքի են կոչվել բարերարի հովանավորությամբ. լուսավորվել են Մարտակերտ քաղաքի փողոցները, տեղադրվել են ճանապարհային երթեւեկության նշաններ ու լուսակիր: Մարտակերտի ավագանու որոշմամբ Վարուժան Գրիգորյանին շնորհվել է Մարտակերտի պատվավոր քաղաքացու կոչում:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am