Օծվել է Արեւշատ գյուղի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին

Armenpress 00:00, 24 Հուլիս, 2006
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի շրջանի Արեւշատ գյուղում հուլիսի 23-ին (Հիսուս Քրիստոսի պայծառակերպության` Վարդավառի տոնի օրը) Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի կողմից օծվել է Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին եւ դրա բակում տեղադրված խաչքարը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Արարատյան հայրապետական թեմի մամուլի դիվանից, Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է նախկին համանուն եկեղեցու ավերակների վրա. գյուղի հին բազիլիկ եկեղեցին կառուցվել էր դեռեւս 1890-ական թվականներին, վերակառուցվել ու օծվել՝ 1903-ին, 1937թ-ին փակվել էր, որից հետո տարիների ընթացքում աստիճանաբար խոնարհվել: Արեւշատցիները (գյուղն ունի մոտ 2700 բնակիչ) եկեղեցի չունենալու պատճառով եկեղեցական արարողություններին մասնակցում էին հարեւան գյուղերում: Եկեղեցու բարերարն է ռոստովահայ, նախկին արեւշատցի Սամվել Դավթյանը, ճարտարապետն է` Դավիթ Քերթմենջյանը: Եկեղեցու օծմանը մասնակցել են նաեւ Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, Հարավային Ռուսաստանում ՀՀ հյուպատոս Արարատ Գոմցյանը, ռոստովահայեր: Արարողության ժամանակ մկրտվել է գյուղի ամենափոքրիկ բնակիչը, կատարվել է նաեւ մատաղի օրհնություն, որից հետո ներկաների համար կազմակերպվել է համերգային ծրագիր:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am