Եղիշե Ասծատրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Armenpress 00:00, 3 Դեկտեմբեր, 2008
ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական, հասարակական և տնտեսական ականավոր գործիչ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոցե շքանշանի շքանշանակիր Եղիշե Թևոսի Ասծատրյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Եղիշե Թևոսի Ասծատրյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին, ժամը 18-ից, Մաշտոցի 24, բն. 7 հասցեում: Դեկտեմբերի 5-ին, Երևանի Կամերային երաժշտության տանը` ժամը 12:00-14:00- ին տեղի կունենա վերջին հրաժեշտը ականավոր գործչին, այնուհետև` հուղարկավորության արարողությունը` Երևանի քաղաքային պանթեոնում: *** Կյանքից հեռացել էՀայաստանի անվանի պետական գործիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, ճարտարագիտական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս Եղիշե Թևոսի Ասծատրյանը: Ծնվել է 1914 թվականին, Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: Հայրենիքում յոթնամյա դպրոցն ավարտելուց հետո ավարտել է նաև Բաքվի հայկական միջնակարգ դպրոցը: 1932 թվականին ընդունվել և 1938 թվականին հաջողությամբ ավարտել է Թբիլիսիի` Անդրկովկասյան ինդուստրիալ ինստիտուտը, հետագայում նաև` Մոսկվայի ԽՄԿԿ Կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցը: Ինստիտուտն ավարտելուց և լեռնագործ-ինժեների մասնագիտություն ստանալուց հետո Եղիշե Ասծատրյանը 1938-1939 թվականներին աշխատել է Դոնեցկի ավազանի ածխահանքերում` տեղամասի պետի, տրեստի ավագ ինժեների տեղակալի պաշտոններում: Հաշվի առնելով երիտասարդ ինժեների կազմակերպական ունակությունները, 1939 թվականին Խալխին- Գյոլի շրջանում Ճապոնիայի հրահրած պատերազմի ժամանակ Խորհրդային կառավարության հատուկ որոշմամբ Եղիշե Ասծատրյանը, որպես 124 մասնագետներից բաղկացած խմբի գլխավոր ինժեներ, գործուղվել է Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն, 17-րդ Կարմիր բանակի հրամանատարի տրամադրության տակ` բանակը վառելիքով ապահովելու նպատակով ածխահանքեր շահագործելու և ռազմական այլ օբյեկտներ կառուցելու նպատակով: Եղիշե Ասծատրյանի գործունեությունը Հայաստանում սկսվել է 1947 թվականին, երբ գործուղման ավարտից հետո նշանակվել է Երևանի ալյումինի գործարանի շինարարության պետ: 1950 թվականից նա նշանակվել մի շարք կուսակցական ղեկավար աշխատանքներում: 1954 թվականին նշանակվել է ՀԿԿ Կենտկոմի արդյունաբերության, շինարարության և տրանսպորտի միացյալ բաժնի վարիչ և կարևոր դեր է խաղացել Գյումուշի, Արզնու, Երևանի էլեկտրակայանների, կաբելի, ավտոդողերի, Հայէլեկտրամաշ գործարանների, մի շարք կարևոր ավտոճանապարհների ու այլ օբյեկտների կառուցման գործում: 1960 թվականի սկզբին Եղիշե Ասծատրյանը նշանակվել է Հայաստանի ժողովրդական տնտեսության խորհրդի նախագահի պաշտոնում և լայն գործունեություն ծավալել արդյունաբերական ձեռնարկությունների արմատական վերակառուցման, նոր տեխնոլոգիաների արմատավորման, երկրի բոլոր շրջաններում արդյունաբերական ձեռնարկությունների մասնաճյուղերի կառուցման, մի շարք ՋԷԿ-երի ու գործարանների հիմնադրման բնագավառում: Հաշվի առնելով Եղիշե Ասծատրյանի մեծ հեղինակությունը և տնտեսության զարգացման գործին անբասիր նվիրվածությունը, Հանրապետության ղեկավարությունը 1963 թվականին նրան է վստահել միաժամանակ երեք բարձր պաշտոններ` ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ և կուսակցական-պետական վերահսկողության կոմիտեի նախագահ: Այնուհետև Հանրապետության նյութատեխնիկական մատակարարման բնագավառում պետական կարգ ու կանոն ստեղծելու նպատակով Եղիշե Ասծատրյանը նշանակվել է ՀԽՍՀ նյութատեխնիկական մատակարարման կոմիտեի նախագահ: Հայաստանում իր աշխատանքային գործունեության ամբողջ ժամանակաշրջանում հայրենի Արցախը մշտապես եղել է Եղիշե Ասծատրյանի ուշադրության կենտրոնում: Նա կազմակերպել է տարբեր կարգի օգնություններ ԼՂԻՄ-ի տնտեսությանը և բնակավայրերին: Նա Հանրապետության քաղաքական և պետական գործունեության ասպարեզում ամեներկարակյաց գործիչներից է և` ավելի քան 60 գիտատեխնիկական, տնտեսագիտական աշխատությունների հեղինակ: Եղիշե Ասծատրյանը բնութագրվում է ոչ միայն որպես պետական, հասարակական և տնտեսական գործիչ, այլև որպես իր և շրջապատի նկատմամբ պահանջկոտ ու արդարամիտ քաղաքացի, մեծ հայրենասեր, նվիրված ընկեր ու բարեկամ:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am