Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ուսանելու նպատակով «Չիվնինգ» կրթաթոշակներ ստանալու համար ընդունվում են հայտեր

Armenpress 12:33, 5 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022թ․օգոստոսի 2-նոյեմբերի 1-ն ընդունվում են հայտեր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում (ՄԹ) ուսանելու նպատակով «Չիվնինգ» կրթաթոշակներ ստանալու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից, նշելով, որ հայտերը կարող են ներկայացվել կայքի միջոցով։

«Չիվնինգը» բրիտանական կառավարության կրթաթոշակային ծրագիր է, որը ֆինանսավորվում է ՄԹ արտաքին գործերի և համագործակցություն նախարարության, գործընկեր կազմակերպությունների և գործընկեր համալսարանների կողմից։ Այն ամբողջական ֆինանսավորում է տրամադրում ցանկացած բրիտանական համալսարանում մագիստրոսական կրթություն ստանալու համար՝ միաժամանակ տրամադրելով բացառիկ ակադեմիական, մասնագիտական և մշակութային փորձառության ձեռքբերման լայն հնարավորություններ։ Կրթաթոշակները տրամադրվում են այն անհատներին, ովքեր ունեն դրական փոփոխություններ մտցնելու հանձնառություն ու կարողություններ և կարող են ներկայացնել, թե ՄԹ-ում ստացած մագիստրոսի կոչումն ինչպես կօգնի հասնել իրենց նպատակին։

1983 թվականից ի վեր «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագիրը Միացյալ Թագավորությունում ուսանելու և կարողությունների զարգացման հնարավորություն է ընձեռել ավելի քան 50000 մասնագետների։ 2023-24 թթ․ ուսումնական տարվա համար կրթաթոշակներ կստանան ավելի քան 1500 դիմորդներ։

Հայաստանում ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիսի խոսքով՝ Հայաստանից մինչ օրս «Չիվնինգ» կրթաթոշակ է ստացել շուրջ 180 հոգի:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am