Որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ. Արցախի նախագահ

Armenpress 21:03, 3 Օգոստոս, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին կրկին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ քննարկելու հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական դրությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-իր իր պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության միջոցով:

«Սադրանք որակելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ օգոստոսի 1-ից իրականացվող գործողությունները` նշել եմ, որ իրավիճակը լիցքաթափելու և խաղաղ հանգուցալուծելու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջոցով կատարվում են անհրաժեշտ քայլեր:  Ուստի, դիմում եմ մեր բոլոր հայրենակիցներին՝ խնդրելով պահպանել զսպվածություն և հանգստություն: Կարող ենք արձանագրել, որ այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ»,-նշել է նա:

Օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am