1000х90.jpg (78 KB)

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը կանցկացվի Միացյալ Թագավորությունում

Armenpress 16:16, 25 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հեռարձակողների միությունը և BBC-ն հաստատել են, որ 2023 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթը կհյուրընկալվի Միացյալ Թագավորությունում:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Եվրատեսիլի պաշտոնական կայքից:

2022 թվականին մրցույթում հաղթող երկիրը՝ Ուկրաինան, ավտոմատ կերպով կմասնակցի եզրափակչին:

Այս որոշումը հիմնավորվել է նրանով, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաջորդ տարի մրցույթը չի կարող անցկացվել 2022-ին մրցույթի հաղթող երկրում՝ Ուկրաինայում: Նշվում է, որ Եվրոպական հեռարձակողների միությունն ուսումնասիրել է մի շարք տարբերակներ հաղթող երկրի հեռարձակողի հետ:

Միացյալ Թագավորությունը 2022-ին մրցույթում զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը: Եվրոպական հեռարձակողների միությունը որոշել է, որ BBC-ն կստանձնի հյուրընկալության պարտականությունները 2023 թվականին Միացյալ Թագավորությունում կայանալիք մրցույթում:

Ուկրաինայի հանրային հեռարձակման ազգային ընկերության կառավարման խորհրդի  ղեկավար Միկոլա Չեռնոտիցկին շնորհակալություն է հայտնել BBC-ի գործընկերներին՝ համերաշխություն ցուցաբերելու համար։ Նա վստահություն է հայտնել, որ միասին կկարողանան ավելացնել ուկրաինական ոգին այս իրադարձությանը:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը տեղի չի ունենա Ուկրաինայում, բայց տեղի կունենա՝ ի աջակցություն Ուկրաինայի»,-նշել է նա:

«Եվրատեսիլ-2022» երգի հեղինակավոր մրցույթում հաղթել էր Ուկրաինան, որը ներկայացրել էր  Kalush Orchestra-ն` «Stefania» երգով: Երկրորդ հորիզոնականում Միացյալ Թագավորությունն էր,  երրորդ տեղում՝ Իսպանիան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am