Միրզոյանը Մադրիդում հանդիպել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Armenpress 16:02, 7 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: աշխատանքային այցով Մադրիդում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 7-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 

Զրուցակիցներն ընդգծել են ԶՀԿ գլխավոր քարտուղարի՝ հունիսի սկզբին Երևան այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված Հայաստանի և ՄԱԿ ԶՀԿ միջև համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի իրականացման միջոցով։ 

Մտքեր են փոխանակվել Հայաստանում զբոսաշրջության ոլորտում իրականացվող նախագծերի շուրջ։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է զբոսաշրջության ոլորտը՝ որպես կայուն զարգացման և բարեկեցության հիմք՝ տեղական, ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Այս առումով նախարարը կարևորել է ՄԱԿ ԶՀԿ աջակցությունը, հատկապես՝ նորարարությունների, ներդրումների ներգրավման և գյուղական ու էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնություններին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am