Որոշ բնակավայրերում քրեական հեղինակությունների արձանների առկայությունը հակապետական դրսեւորում է. Փաշինյան

Armenpress 14:53, 7 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի որոշ բնակավայրերում քրեական հեղինակությունների արձանների առկայությունը հակապետական դրսևորում է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝վարչապետն այդ մասին ասել է ՀՀ կառավարության նիստի ընթացքում: Փաշինյանը նշեց, որ Հայաստանում կան բնակավայրեր, որտեղ քրեական հեղինակությունների արձաններ կան:

«Ոչ մեկին չնեղացնենք, բան չասենք, բայց սրանք ի վերջո, հակապետական, ապապետական դրսեւորումներ են»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև անընդունելի համարեց մայրուղիների երկայնքով վթարների վայրերում խաչքարերի տեղադրման պրակտիկան: Նրա խոսքով` քաղաքաշինությունը պետական կարևորագույն գործառույթ է, և  միշտ չէ, որ տեղադրված խաչերը քրիստոնեության կամ հավատի հետ կապ ունեն:

«Պատկերացրեք բոլոր վթարներից հետո մայրուղիների երկայնքով խաչքարեր, տապանաքարեր տեղադրենք, ինչ կստացվի արդյունքում: Ավելի լավ է մտածենք՝ ինչ անենք, որ երթեւեկության անվտանգությունը բարձրացնենք, կարգապահությունը բարձրացնենք: Մենք չպետք է խուսափենք գնալ եւ ապամոնտաժել այն ամենը, ինչն ապօրինի է տեղադրված»,-ասաց նա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am