Մաքրվում է Գավառագետի հունը Հացառատ թաղամասի հատվածում

Armenpress 13:37, 7 Հուլիս, 2022

ԳԱՎԱՌ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեի միջոցներով իրականացվում են Գավառագետի՝ Հացառատ թաղամասով անցնող շուրջ 1200 մետր  տարածքի մաքրման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Հացառատ թաղամասում  գետի հունի պարբերաբար մաքրումն օգնում է, որպեսզի գետին ափամերձ  բնակարանները եւ տնամերձ հողամասերը չտուժեն վարարումներից:  

Գետի հունի մաքրման աշխատանքներն իրականացնում է «Մինասյաններ ՇԻՆ» ՍՊԸ-ն: Ծրագրի արժեքը 3 միլիոն 500 հազար դրամ է, որը հատկացվել է Գավառի համայնքապետարանի միջոցներից։  Նույն ծրագրի շրջանակներում մաքրվում են նաեւ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի եւ Սարուխան գյուղի  հեղեղատարները, որտեղ կուտակված տիղմը փակում է ջրի ճանապարհը եւ հեղեղումների վտանգ առաջացնում հարակից բնակարանների ու տնամերձերի համար: Մաքրման աշխատանքներ են կատարվել նաեւ Գավառագետի՝ Բոշնաղյան փողոցով հոսող հատվածում: Այստեղ կուտակված աղբը եւ տիղմը գրեթե փակել էին ջրի ճանապարհը: Գավառագետի   հունի մաքրման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am