Անչափահասների, կերակրող մայրերի նկատմամբ պատժախուցը կբացառվի. նախագիծն ընդունվեց

Armenpress 12:57, 7 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է  բացառել անչափահասների, ինչպես նաև կերակրող մայրերի նկատմամբ պատժախուցը որպես տույժի միջոց կիրառելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 58 կողմ ձայն:

Առաջարկվում է Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին օրենքում հստակեցնել կալանավորված անձանց հոգեբանական և հոգեթերապևտիկ աջակցություն ունենալու իրավունքը: Վերացվում է ինքնավնասման համար կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը, բացառվում է անչափահասների, ինչպես նաև կերակրող մայրերի նկատմամբ պատժախուցը որպես տույժի միջոց կիրառելու հնարավորությունը:

Նախագծով սահմանվում է՝ ստացիոնար պայմաններում բուժում ստացող կալանավորված անձանց նկատմամբ նշանակված պատժախուց տեղափոխելու տույժի կիրառումը հետաձգվում է մինչև բուժման ավարտը, իսկ ամբուլատոր պայմաններում բուժում ստացող կալանավորված անձանց նկատմամբ նշանակված պատժախուց տեղափոխելու կիրառումը կարող է հետաձգել բժշկական եզրակացության հիման վրա, եթե  կալանավորված անձի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան տեղափոխել պատժախուց:

Առաջին ընթերցմամբ քննարկման համար ներկայացվել էր նախագծերի փաթեթ, առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում փաթեթից հանվել է Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, թողնվել է միայն «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am