1000х90.jpg (78 KB)

ԱԺ-ն ընդունեց ռազմաուսումնական հաստատությունն ավարտած սպային Երևանում բնակարանով ապահովելու նախագիծը

Armenpress 12:33, 7 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և Պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպան Երևանում կստանա 3 սենյականոց բնակարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորրդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ԱԺ-ում՝ ստանալով 58 կողմ ձայն:

Առաջարկվող բնակարանային ապահովությունը ենթադրում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների հատկացում, իսկ 20 տարվա զինվորական ծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև՝ մինչև պայմանագրի ժամկետը լրանալն առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին անհատույց սեփականության իրավունքով տրամադրում: Բացի այդ նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում զինծառայողի զինվորական ծառայության հետ պատճառական կապով, այն է՝ զոհվելու դեպքում, զինծառայողին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրվում է նրա ընտանիքի անդամներին:

Ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների պայմանագրային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 20 տարի: Սպան բնակարանի սեփականության իրավունքը կստանա 20 տարվա զինվորական ծառայությունից անմիջապես հետո: Այսպիսով՝ զինծառայողը Երևան քաղաքում կստանա 3 սենյականոց բնակարան, որի առավելագույն արժեքը 28.5 մլն դրամ է սահմանված: 

Օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարվել են որոշակի լրացումներ՝ առաջարկվող բնակարանային ապահովության իրավունքը նաև սահմանապահ զորքերում սպայական պաշտոն զբաղեցնող զինծառայողների վրա տարածելու համար:

«Մենք կկարողանանք նաև բնակարանով ապահովել սահմանապահ զորքերի այն սպաներին, ովքեր սովորել են մեր ռազմաուսումնական հաստատություններում և պետության հետ կնքել են 20-ամյա ծառայության պայմանագիր: Նրանց վրա կտարածվեն նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչպես այն զինծառայողների համար, որոնք կծառայեն մեր ԶՈՒ-ում»,-ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am