Գրեթե 30 քաղաքական գործիչ լքել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը Ջոնսոնի հետ սկանդալի պատճառով

Armenpress 18:55, 6 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ կապված սկանդալի պատճառով վերջին 24 ժամում Մեծ Բրիտանիայի կառավարությունը լքել է արդեն 27 մարդ։ Ինչպես նշում են բրիտանացի քաղաքական մեկնաբանները, կաբինետի ղեկավարի համար ավելի ու ավելի դժվար կլինի պահպանել իր պաշտոնը ներկա պայմաններում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, այժմ նույնիսկ բարձրաստիճան նախարարներն են Ջոնսոնին խնդրում ինքնակամ հրաժարական տալ:

Երեքշաբթի օրը Ջոնսոնը Sky News-ին տված հարցազրույցում ներողություն էր խնդրել ընտրողներից Քրիս Փինչերի վերջին և անցյալ նշանակումների համար։ Միաժամանակ վարչապետը չի մեկնաբանել մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե տեղյակ է Փինչերի ոչ պատշաճ պահվածքին, և նույնիսկ կատակել է կառավարության իր գործընկերների հետ։ Գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ Ջոնսոնը ներողություն է խնդրել, ֆինանսների նախարար Ռիշի Սունակը և առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը հրաժարական են տվել: Ավելի ուշ կառավարության մյուս անդամները հետեւել են օրինակին, իսկ մի շարք պահպանողական պատգամավորներ հայտարարել են վարչապետի նկատմամբ վստահությունը կորցնելու մասին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am