Վերաբացվել է Սեւանի Վ․ Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանը

Armenpress 17:30, 6 Հուլիս, 2022

ԳԱՎԱՌ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  2022 թվականի հուլիսի առաջին օրվանից արդեն վերաբացվել եւ գործում է Սեւան համայնքի կենտրոնացված գրադարանը, որի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել էր 2016 թվականից՝ Սեւանի մշակույթի պալատի հիմնանորոգման աշխատանքների պատճառով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, գրադարակի վերաբացումն ուղեկցվել է գրքերի ցուցադրությամբ եւ հանդիսավոր միջոցառմամբ, որին մասնակցել են  Սեւանի համայնքապետարանի, գրադարանային համակարգի աշխատակիցներ, ընթերցասերներ ու գրադարանի բարեկամներ: Գրադարանն արդեն գործում է եւ կարող է ընդունել ընթերցասերներին: Համայնքների միավորումից հետո Սեւանի գրադարանային համակարգին են միավորվել Լճաշենի, Դդմաշենի, Ծաղկունքի եւ Զովաբերի գրադարանները:

«Սեւան համայնքի կենտրոնական գրադարանում այժմ կա 150 հազարից ավել գիրք: Այստեղ է գտնվում նաեւ մանկական գրադարանը: Ընթերցասերների քանակն էլ քիչ չէ: Սևանի գրադարանում գործող մեծամասշտաբ ցուցահանդեսի կազմակերպման նպատակն էր՝ հանրությանը իրազեկել, որ գրադարանն արդեն գործում է եւ կարող է ընդունել ընթերցասերներին: Գրքերի մեծամասշտաբ ու բովանդակալից ցուցադրությունն ուղեկցվում էր գրականությանն ու արվեստին նվիրված զրույցներով, գրադարանային կյանքի նորություններով։  Հյուրերից շատերը չէին եկել դատարկաձեռն․ նրանք Սեւանի  գրադարանի գրքային ֆոնդը հարստացրին նոր գրականությամբ։ Այժմ մենք աշխատելու ենք ամենալավագույն ու նորացված պայմաններում»,-նշեց Սեւանի կենտրոնական գրադարանի տնօրեն Ֆրունզե Հարությունյանը։

Խոսրով Խլղաթյան

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am