1000х90.jpg (78 KB)

Գլխավոր շտաբի պետը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ. Պապիկյանը նախագիծը ներկայացրեց ԱԺ-ին

Armenpress 15:22, 6 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարության առաջարկած նախագծով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ի պաշտոնե կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները՝ նպատակ ունենալով հստակ ամրագրել Սահմանադրության մի շարք հոդվածներով կառավարությանը վերապահված իրավասությունները, ի դեմս ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան ՀՀ տարածքից դուրս զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության, ռազմական դրություն հայտարարելու, պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին ԱԺ-ին առաջարկություն ներկայացնելու, ԱԺ նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու, ինչպես նաև ԶՈՒ գործունեությունն ապահովող ուղղություններով որոշումների ընդունման»,-ասաց Պապիկյանը:

Առանձին խմբավորվում և սահմանվում են զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ոլորտում իրավասությունները՝ նպատակ ունենալով դրանց հաղորդել համակարգային բնույթ: Անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ և ծրագրեր ներառվում են ՀՀ պաշտպանության պլանում՝ որպես Սահմանադրությամբ սահմանված պաշտպանության ոլորտի հիմնական ուղղությունները ներառող մեկ միասնական փաստաթուղթ:

«Խմբագրվում և  հստակեցվում են Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի ու Պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը՝ այդ առումով ԶՈՒ ապահովումների գործընթացում Պաշտպանության նախարարությանը վերապահելով բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման և կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները, ԶՈՒ կարիքների համար գնումների գործընթացների իրականացման ամբողջ համալիրը: ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե նախատեսվում է որպես Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը, սակայն չի հանդիսանալու նախարարին փոխարինող պաշտոնատար անձ, ինչպես  նաև այդ կապակցությամբ համապատասխան առանձնահատուկ կարգավորումներ են կատարվում պետական կառավարման համակարգը կանոնակարգող մի շարք այլ օրենքներում»,-ասաց նախարարը:

Ըստ նախարարի՝ առաջարկության նպատակն է բարձրացնել ղեկավարման արդյունավետությունը: Աշխարհազորի համակարգի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Գլխավոր շտաբի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի փոխարեն աշխարհազորի անմիջական ղեկավարման գործառույթը վերապահվում է ԶՈՒ գլխավոր շտաբի տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարությանը:

Ամրագրումների գործընթացի հստակեցման նպատակով սահմանվում է, որ ամրագրման ենթակա են  զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպություններում աշխատող, այն պաշտոններ զբաղեցնող և մասնագիտություններ ունեցող աշխատողները, որոնց գործունեությունը չի կարող դադարեցվել համապատասխան կազմակերպության բնականոն գործունեությունն ապահովելու համար: Հստակեցվում է զորահավաքային զորակոչի ոչ ենթակա զինապարտների շրջանակը:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am