Ռեքս Կալամյանը մեկնաբանել է Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում Հայաստանի հավաքականի հաղթանակը

Armenpress 10:06, 6 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը մեկնաբանել է փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի հաղթանակը

«Շատ ուրախ և գոհ եմ թիմի խաղից: Այս ընթացքում համառ պայքար ենք մղել և ցույց տվել հայկական ոգու ուժը: Կարծում եմ, որ մենք՝ հայերս, չնայած բազմաթիվ փորձությունների՝ շարունակում ենք մնալ կանգուն։ Եզրափակիչ հանդիպման և, ընդհանրապես ողջ մրցաշարի ընթացքում թիմը ցույց տվեց դա։ Նրանք խաղացին համառորեն, խաղացին միմյանց համար, և ես իրապես ուրախ եմ նրանց համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կալամյանի խոսքերը փոխանցում է բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մասնագետի խոսքով` եզրափակիչն իսկապես բարդ է եղել, քանի որ Մալթան մեկնարկային րոպեներին նկատելի առավելություն է ստացել:

«Հույս ունեմ, որ ապագայում կկարողանամ շարունակել աշխատանքն այս թիմի հետ և կնպաստեմ բասկետբոլի զարգացմանը Հայաստանում։ Ես այստեղ եմ և ցանկանում եմ օգնել։ Չգիտեմ՝ ինչպես կստացվի հետագայում, բայց շատ ոգևորված եմ հայկական բասկետբոլի ապագայի հեռանկարով,- ասաց Ռեքս Կալամյանը:

Հայաստանի ազգային հավաքականը փոքր երկրների Եվրոպայի առաջնության եզրափակչում 84-68 հաշվով հաղթել էր Մալթայի հավաքականին և դարձել մրցաշարի հաղթող։ Մինչև այդ Հայաստանն առավելության էր հասել Ջիբրալթարի, Սան Մարինոյի և Անդորրայի հետ կայացած խաղերում: Ընտրանին նման հաջողության հասել էր նաև 2016 թվականին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am