1000х90.jpg (78 KB)

Պատմության հետագծով

Armenpress 08:40, 6 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1415 թ. հուլիսի 6-ին Յան Հուսին այրում են խարույկի վրա:

-1535 թ. հուլիսի 6-ին Թոմաս Մորը ենթարկվում է մահապատժի:

-1785 թ. հուլիսի 6-ին դոլարը դառնում է ԱՄՆ դրամական միավոր:

-1820 թ. հուլիսի 6-ին ծնվել է Ղեւոնդ Ալիշանը՝ հայ մեծանուն բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (մահ.՝ 1901 թ.):

-1850 թ. հուլիսի 6-ին ծնվել է Նիկոլայ 1-ինը՝ ռուս կայսր:

-1854 թ. հուլիսի 6-ին մահացել է Գեորգ Օհմը՝ գերմանացի ֆիզիկոս:

-1893 թ. հուլիսի 6-ին մահացել է Գի դը Մոպասանը՝ ֆրանսիացի գրող:

-1907 թ. հուլիսի 6-ին ծնվել է Ֆրիդա Կալոն՝ մեքսիկացի նկարչուհի:

-1946 թ. հուլիսի 6-ին ծնվել է Ջորջ Ուոքեր Բուշ կրտսերը՝ ԱՄՆ 43-րդ նախագահ:

-1961 թ. հուլիսի 6-ին ծնվել է Ջիվան Աբրահամյանը՝ Հայաստանի ազգային հերոս:

-1962 թ. հուլիսի 6-ին մահացել է Ուիլյամ Ֆոլքները՝ ամերիկացի գրող:

-1971 թ. հուլիսի 6-ին մահացել է Լուի Արմսթրոնգը՝ ամերիկացի ջազ երաժիշտ:

-2005 թ. հուլիսի 6-ին մահացել է Գեւորգ Ջահուկյանը՝ հայ ականավոր լեզվաբան:

 

Հետաքրքրական է

Պղինձ՝ քիմիական տարր է, նշանակումը՝ Cu (լատ.՝ cuprum - կուպրում), տարրերի պարբերական համակարգի 4-րդ պարբերության 1-ին խմբի տարր։ Կարգահամարը՝ 29, ատոմական զանգվածը՝ 63,546։

Պղինձը մարդկությանը հայտնի ամենահին մետաղներից է (երկրի վրա հանդիպում է բնածին պղինձ)։ Դեռ քարի դարում մարդը կարող էր բնածին պղնձին իր ուզած ձեւը տալ քարե գործիքների օգնությամբ։ Կացինների, դահուկների եւ կենցաղային այլ իրերի պատրաստումը պղնձից սկիզբ դրեց կարճատեւ պղնձի դարին։ Ըստ հնագիտական աղբյուրների՝ Հայաստանի տարածքում պղնձե իրեր էին պատրաստում դեռեւս էնեոլիթյան շրջանում. վաղ երկրագործական բնակատեղերում (Ք. ա. 6-5-րդ հազարամյակներ) հայտնաբերվել են պղնձե ասեղներ, շեղբեր, կարթեր, նետագլխիկներ եւ այլն։

Պղնձի եւ դրա համաձուլվածքների (բրոնզ) հալումը հանքաքարից սկսվել է Ք. ա. 5-րդ հազարամյակի երկրորդ կեսին՝ Հայաստանի եւ Անատոլիայի տարածքում։ Պղնձի եւ ավելի ուշ բրոնզե գործիքները դուրս մղեցին քարե գործիքները եւ կարեւոր դեր խաղացին նյութական մշակույթի զարգացման գործում։ Քեոփսի բուրգը (Ք. ա. 3000 թ.) կառուցողները քարերը հղկում էին պղնձե գործիքներով։

Հնում լեռնային ապարները վերամշակում էին խարույկի մեջ շիկացնելով։ Ավելի ուշ սկսեցին խարույկի մեջ խողովակների եւ փուքսերի օգնությամբ օդ ներփչել։ Մեծ քանակությամբ ածխի առկայությամբ ապարում պարունակվող պղնձի օքսիդները եւ կարբոնատները վերականգնվում էին՝ անջատելով մետաղական պղինձ։

Ա. Հ.

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am