ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վարշավայում անցկացված միջազգային մրցույթում Գրան պրի մրցանակի արժանացած Ջուլիանա Գրիգորյանին

Armenpress 16:51, 4 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել են երիտասարդ, երգչուհի Ջուլիանա Գրիգորյանին (սոպրանո), որ հունիսի 6-11-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան 11-րդ միջազգային մրցույթում արժանացել է Գրան պրի մրցանակի:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, տաղանդավոր արվեստագետի հաղթանակները շարունակվում են, և օրերս նա իտալական ամենամեծ օնլայն «Ֆիորենցա Չեդոլինզ» մրցույթում հաղթող է ճանաչվել՝ գրավելով 1-ին տեղը:

Նախարար Վահրամ Դումանյանը, շնորհավորելով Ջուլիանա Գրիգորյանին, շնորհակալություն է հայտնել հեղինակավոր այս հարթակներում հաղթանակներ գրանցելու կապակցությամբ:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք և գիտենք, որ Դուք կարևոր հաղթանակներ եք գրանցել, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք և վերահաստատում, որ պատրաստ ենք աջակցելու և նպաստելու կարևոր այն նախաձեռնություններին, որոնք հնարավորություն են ընձեռում առավել բարձր մակարդակով ներկայանալու հեղինակավոր հարթակներում»,- շեշտել է նախարար Վահրամ Դումանյանը՝ հետաքրքրվելով՝ ինչ խնդիրներ կան նպատակի իրագործման ճանապարհին, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:

Ջուլիանա Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը Վարշավայում կայացած Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան մրցույթին աջակցելու կապակցությամբ, ինչը հաղթանակի հասնելու համար նաև բարոյահոգեբանական աջակցության մեծ և կարևոր գործոն է հանդիսացել:

Երիտասարդ արվեստագետը նախարարին տեղեկացրել է, որ մրցույթներում հաղթելու արդյունքում հրավեր է ստացել մասնակցելու միջազգային տարբեր հարթակներում կայանալիք համերգների, իսկ առաջիկայում՝ հուլիսի 15-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեներգչուհին կմասնակցի «Ալեկո» օպերային ներկայացմանը:

Հանդիպման ավարտին նախարարը կրկին շնորհավորել է Ջուլիանա Գրիգորյանին՝ մաղթելով ստեղծագործական խիզախումներ և նորանոր հաջողություններ:

Ջուլիանա Գրիգորյանը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատար է: Նա ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի ազգային կամերային, օպերային թատրոնի նվագախմբերի հետ: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանի մարզերում և Արցախում:

Ջուլիանա Գրիգորյանը համագործակցել է կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Վաչե Շարաֆյանի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am