1000х90.jpg (78 KB)

Ֆիլմերի վերականգնում, թվայնացում, միջազգային ցուցադրություններ.Ազգային կինոկենտրոնը պատրաստվում է հայ կինոյի 100-ամյակին

Armenpress 18:06, 30 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում, որը նշվելու է 2023 թվականին, Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախատեսում է վերականգնել ու թվայնացնել հայ դասական կինոարվեստի մի շարք կարևոր նմուշներ, հայկական ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ասաց՝ իրենց հիմնական նպատակն է հնարավորինս շատ ֆիլմեր վերականգնել և դա անել բարձր որակով: «Կան ֆիլմեր, որոնք ժամանակին թվայնացվել են, սակայն դրանց որակն այն չէ: Տարիների ընթացքում մեծ աշխատանք ենք կատարել տարբեր միջազգային կառույցների հետ, որոնք ցանկանում են հայկական կինոն բարձր որակի թվայնացված ու վերականգնված տարբերակով ներկայացնել իրենց ծրագրերում»,-նշեց Միրզախանյանը:

Ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչները Կաննի կինոփառատոնի կինոշուկայի ժամանակ հանդիպել են  կինոփառատոնի «Cannes Classics» ծրագրի ղեկավարի հետ: Ծրագրի շրջանակում ցուցադրվում են դասական ֆիլմերի վերականգնված տարբերակները: Կողմերը քննարկել են հաջորդ տարի ծրագրի շրջանակում Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը ցուցադրելու հարցը: Հույս ունեն, որ այն կվերականգնվի և կթվայնացվի մինչև հաջորդ տարի:

Հանդիպել են նաև Կաննի քաղաքապետին և հաջորդ տարի Կաննում հայկական կինոյի ցուցադրության շաբաթ կազմակերպելու համաձայնություն են ձեռք բերել:  Նախատեսում են հայկական ֆիլմեր ցուցադրել ֆրանսիական «Սինեմատեկ» փառատոնի, Վենետիկի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոնների շրջանակում:

Կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանն էլ հիշեցրեց, որ վերջին տարիներին վերականգնել են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»,  «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմերը, «Նռան գույնը» կինոնկարից  դուրս մնացած կադրերը և այլ ֆիլմեր: 

«Այդ ամենն արվել է Լեհաստանում և Իտալիայում: Մենք այստեղ չունեինք այն ներուժը, որը թույլ կտար տեղում իրականացել այդ աշխատանքը, սակայն կինոկենտրոնի շնորհիվ կարևոր համաձայնություններ են ձեռք բերվել այլ կառույցների հետ, որոնք նույնպես  զբաղվում են կինոժառանգության պահպանմամբ ու հանրայնացմամբ: Նման կառույցներից են Հայաստանի ազգային արխիվի ֆոտոբաժինը, «Հայկ» ստուդիան ու Հանրային հեռուստաընկերությունը, որն ունի թվայնացման լաբորատորիա: Այդ կառույցների շնորհիվ չափազանց հեշտացել է ֆիլմերի թվայնացման ու վերականգնման գործընթացը»,- նշեց նա ու հավելեց՝ աշխատում են ՀՀ կրթության, գիտության, կրթության և սպորտի նախարարության հետ, որպեսզի Հայաստանում հիմնադրվի վերականգնման մասնագիտացված, միջազգային չափանիշներին համապատասխանող լաբորատորիա, որտեղ կթվայնացվեն ու կվերականգնվեն ոչ միայն հայկական, այլև օտար ֆիլմեր:

Կինոկենտրոնը նախատեսում է թվայնացնել Համո Բեկնազարյանի «Երկրորդ քարավան» ֆիլմը, որը նկարահանվել է 1952 թվականին, այն գրաքննվել է և ավարտին չի հասցվել, սակայն նկարահանվել և մոնտաժվել են հսկայական նյութեր, ինչը հնարավորություն կտա վերակառուցել ֆիլմի ամբողջական տեսքն ու այն առաջին անգամ ներկայացնել հանրությանը:

«Մեզ կհաջողվի թվայնացնել նաև նրա «Երկիր Նաիրի» վավերագրական գլուխգործոցը, որը նկարահանվել է 1930 թվականին: Դեռ պարզ չէ, թե ով կլինի հեղինակը: Նաև նրա կարճամետրաժ հակապատերազմական ֆիլմն ենք վերականգնելու, որը կոչվում է «Դուստրը», կթվայնացվեն ֆիլմեր, որոնք Բեկնազարյանը նկարահանել է Հայաստանից դուրս: Աշխատում ենք նրա համր ֆիլմերի նոր երաժշտական զուգակցումների վրա, քանի որ դրանց բացակայությունը խանգարում էր ֆիլմերի ցուցադրմանը: Սա հնարավորություն է  համագործակցելու միջազգային կառույցների հետ և հանրահռչակելու համր կինոն»,- շեշտեց Վիգեն Գալստյանը:

Նրա խոսքով՝արդեն նման հաջող փորձ կա. անգլիացի երիտասարդ կոմպոզիտորներից մեկն աշխատել է Բեկնազարյանի «Տունը հրաբխի վրա» ֆիլմի երաժշտական պարտիտուրի վրա: Հույս ունեն, որ այն կներկայացվի տեղացի ու հայ հանդիսատեսին:

Վիգեն Գալստյանը կարևորեց նաև ենթագրերի հարցը՝ նշելով՝ հայկական ֆիլմերի մեծ մասը չունի անգլերեն ենթագրեր, ինչը  թույլ չի տալիս ներկայանալ դրսում:  2020-ից կինոկենտրոնը հետևողականորեն աշխատում է այդ ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am