1000х90.jpg (78 KB)

Գործերի ձգձգումներ, ուշացած արդարադատություն. Վարդապետյանն առանձնացրեց դատական համակարգի խնդիրները

Armenpress 13:01, 29 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի հուլիսի 29-ի արտահերթ նիստի  ընթացքում իր ելույթում գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանն առանձնացրեց մի շարք խնդիրներ, որոնք տեսնում է դատական համակարգում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Վարդապետյանը նշեց, որ առաջին խնդիրը գործընթացների, այլ ոչ թե խնդիրների կենտրոնացվածություն է:

«Մենք ունենք անթիվ քննչական և դատավարական գործողություններ՝ ֆորմալ առումով՝ ճիշտ, բայց բովանդակային առումով՝ ոչ լիարժեք: Դրա արդյունքում ունենում ենք ծանրացված վարույթներ, ծանրաբեռնվածություն, ահռելի քանակի հայցեր, բայց ունենում ենք հատվածային կամ շատ քիչ քանակով լուծված գործեր, որը հանգեցնում է նրան, որ մարդու մոտ ձևավորվում է անարդարության զգացողություն: Թիվ մեկ խնդիրը, որն իմ ուշադրության կենտրոնում է լինելու միշտ, ուշացած արդարադատությունն է,  պրոցեսների, այլ ոչ թե արդյունքի վրա կենտրոնացվածությունը»,- նշեց Վարդապետյանը:

Գլխավոր դատախազի թեկնածուի խոսքով՝ դատախազական արդյունավետ վերահսկողություն իրականացնելու միջոցով հնարավոր կլինի լուծել մինչդատական վարույթում առկա ձգձգումները: Վերբալ ապացույցները պետք է նվազեն քրեադատավարական մեխանիզմների մեջ՝ տեղը զիջելով փաստաթղթավորված գործունեությանը։

«Մենք այլևս իրավունք չունենք գործի վերաբերյալ տեղեկություն ստանալ բացառապես վերբալ ապացույցներից կամ տուժողների բողոքներից, մենք, կարծես, ամբողջ քրեադատավարական մեխանիզմը ծանրացնում ենք տուժողի կամ վկայի ուսերին: Ասում ենք՝ արի ցուցմունք տուր, լավագույն դեպքում առաջարկում ենք պաշտպանություն: Բայց 21-րդ դարում, երբ մեր սոցիալական ողջ կենսագործունեությունը թողնում է փաստաթղթավորված հետքեր, պահանջել, որ անձը գա և ստանձնի բեռ՝ հանցագործության մասին մեզ հայտնելու համար, սա ժամանակավրեպ է, պետք է այս մոտեցումից ազատվել»,-ասաց նա: Ըստ Վարդապետյանի՝ հաջորդ խնդիրը համագործակցված աշխատանքի պակասն է.

«Լինում են դեպքեր, երբ քննիչը և դատախազը իրար հետ չեն շփվում, սա վերածվում է մի երկար փաստաթղթաբանության՝ դրա հետևանքով խոցելի վիճակի մեջ դնելով տուժողին: Տուժողը ստիպված տեղապտույտի մեջ է ընկնում»:

Գլխավոր դատախազի թեկնածուն խոսեց նաև  օրենքի գերակայության մասին՝ անթույլատրելի համարելով հովանավորչությունը:

«Կոռուպցիան չի դրսևորվում միայն կաշառքով, կաշառքն էլ չի դրսևորվում միայն թղթադրամն իրար փոխանցելով: Եթե նկատում եք, գնալով այդ պրակտիկան ավելի փոքրանում է: Կոռուպցիան դրսևորվում է նաև հովանավորչությամբ: Եթե հովանավորչությանը նպաստող պայմանները չհաղթահարվեն, լուրջ մարտահրավեր կլինի օրենքի գերակայությանը: Դա էլ իր հերթին ուղղակի քայքայելու է ժողովրդավարության հիմքերը: Խոսել ժողովրդավարության մասին՝  առանց օրենքի գերակայության, խոսել օրենքի գերակայության մասին՝ ունենալով արտոնյալներ ու հովանավորչություն, ֆանտաստիկ դատողություններ են»,- եզրափակեց Վարդապետյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am