Գեղարքունիքի մարզում բերքի տակ է 37 հազար 749 հեկտար ցանքատարածություն

Armenpress 14:11, 28 Հունիս, 2022

ԳԱՎԱՌ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում այս տարի բերքի տակ է 37 հազար 749 հեկտար ցանքատարածություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, 9 614 հեկտար կազմում են աշնանացան ցորենի, 10 808 հեկտար՝ գարնանացան հացաբույսերի, 8 957 հեկտար՝ կերային մշակաբույսերի, 7 004 հեկտար՝ կարտոֆիլի, 1 366 հեկտար՝ բանջարբոստանային այլ մշակաբույսերի ցանքերը։ Նախորդ տարվա համեմատ այս տարի Գեղարքունիքում ցանքատարածությունները պակասել են 2 799 հեկտարով։ Ընդ որում, 646 հեկտարով պակասել են աշնանացան ցորենի, 1 895 հեկտարով՝ գարնանացան հացաբույսերի, 716 հեկտարով՝ կարտոֆիլի ցանքերը։ Փոխարենը նախորդ տարվա համեմատ աճել են վարսակի, կտավատի, կանաչ եւ հատիկ լոբու, սխտորի, կաղամբի ցանքերը։ «Ցանքատարածությունների պակասելը ուղղակիորեն պայմանավորված է երկու հիմնական պատճառներով. այս գարնանացանի ընթացքում, նախորդ տարվա համեմատ, դիզվառելիքի գինը գրեթե 4 հազար դրամով թանկացել է, իսկ մյուս կողմից էլ տնտեսությունները չկարողացան ձեռք բերել սուբսիդավորված սերմացուներ։ Բնական է, որ նման պայմաններում գյուղացիները բախվում էին որոշակի դժվարությունների եւ կարողացան անել այնքանը, որքան որ հնարավոր էր անել։ Գեղարքունիքի մարզի գյուղացիական տնտեսություններին բաշխվել է 2 971 տոննա սուբսիդավորված պարարտանյութ»,- նշեց Մարտին Պետրոսյանը։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am