1000х90.jpg (78 KB)

Բերձորի երթուղու փոփոխություն պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները վերահսկողություն սահմանեն նոր երթուղու նկատմամբ․Փաշինյան

Armenpress 22:16, 27 Հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լաչինի միջանցքի անխափան աշխատանքի ապահովումը  ռուս խաղաղապահների պատասխանատվությունն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուղիղ եթերում, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Միջանցքի անխափան ապահովումը ռուս խաղաղապահների պատասխանատվությունն է, և մենք բարձրագույն մակարդակով ստացել ենք հավաստիացումներ, որ այդպես էլ կլինի»,-ասաց նա։

Անդրադառնալով Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շինարարությանը, վարչապետը նշեց, որ երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում, այն տարածքները, որոնք չեն գտնվում ԼՂ ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Բերձորի բնակչների խնդիրները կառավարության որոշումներով լուծում ենք։ Բնակիչները, բնականաբար, պիտի ապահովվեն բնակարանով։ Լաչինում այսօր մարդիկ ընտանիքներով չեն ապրում։ Ինչ վերաբերվում է Աղավնոյին, Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով միգուցե լուծվեն»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության մեջ նախատեսվում  է, որ երեք տարվա ընթացքում պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ Բերձորի միջանցքի երթուղու փոփոխություն։

«Մենք այս ընթացքում քննարկումների մեջ եղել ենք, և երթուղու փոփոխության հարցում քննարկումներ եղել են։ Նախնական համաձայնություններ ձեռք են բերվել, և այդ փոփոխության նպատակը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի համար ավելի հուսալի, ամուր կապ և ավելի որակյալ ճանապարհային կապ ապահովելն է, ու այդտեղ մեր հիմնական աշխատանքային քննարկումները ռուսաստանցի մեր գործընկերների հետ են, որովհետև միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»,-ասաց նա՝ հավելելով, որ երթուղու փոփոխություն պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները վերահսկողություն սահմանեն այդ նոր երթուղու նկատմամբ։

Վարչապետ Փաշինյանն ընդգծեց նաև, որ հարցը եռակողմ հայտարարության համաձայն պետք է լուծվի երեք տարվա ընթացքում։

«Հայաստանի տարածքում  նույնպես ճանապարհաշինական աշխատանքներ պետք է իրականացվեն նման լուծման գնալու համար։ Այս փուլում մենք դեռևս նախագծման աշխատանքներ ենք սկսվել, և երբ որ ըմբռնում լինի, որ ավելի արագ և ավելի որակյալ ճանապարհ պետք է ունենանք ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, մենք այդ քայլին կգնանք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am