Նախարարն ու մարզպետը Մարտունի համայնքում ծանոթացան ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Armenpress 14:38, 27 Հունիս, 2022

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքում ծանոթացան Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի եւ Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի հիմնանորոգման աշխատանքներին։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, ինչպես ներկայացրեց ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ տնօրեն Արմեն Ղուկասյանը, Մարտունի-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել է 2021 թվականին։ Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 743,5 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է պետբյուջեի միջոցներից։ Նախատեսված է հիմնանորոգել 5 կիլոմետր 900 մետր երկարությամբ ճանապարhահատված՝ 46 հազար քառակուսի մետր մակերեսով։ 2021 թվականին հիմնանորոգվել է ճանապարհի 1-կիլոմետրանոց հատվածը, որի համար ծախսվել է 195,5 միլիոն դրամ, իսկ մնացած 548 միլիոն դրամն իրացվում  է այս տարվա ընթացքում։ Հիմնանորոգման ծրագրի շրջանակում հեռացվում է ասֆալտբետոնե հին շերտը, տեղադրվում նոր հիմք եւ երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ջրահեռացման ակոսներ։ Կիրականացվեն նաեւ կահավորման եւ գծանշման աշխատանքներ։ Ըստ «Շանթ-Սեյրան» ընկերության տնօրենի՝ 2022 թվականի հունիսի 24-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ ավարտված են մոտ 80 տոկոսով։

Մարտունի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի հունիսի 15-ին։ Ճանապարհաշինական ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 530 միլիոն դրամ, որը նույնպես ամբողջությամբ հատկացված է պետբյուջեի միջոցներից։ Սայաթ-Նովա փողոցում նախատեսվում է հիմնանորոգել 2,5 կիլոմետր երկարությամբ եւ 18 հազար 300 քմ մակերեսով ճանապարհը։ ճանապարհի ողջ երկայնքով կառուցվում է նոր կոյուղագիծ, երկկողմանի սալիկապատվում են մայթերը՝ 3 200 քմ ընդհանուր մակերեսով։ Ճանապարհից ամբողջությամբ հեռացվում է հին ասֆալտբետոնե շերտը, փոխարենը տեղադրվում է նոր ասֆալտբետոնե երկշերտ ծածկ։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել մինչեւ տարեվերջ։

«Սայաթ-Նովա փողոցի հիմնանորոգմամբ մենք ունենում ենք Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի այլընտրանքային ճանապարհ, որն անցնում է Մարտունի քաղաքով եւ նկատելիորեն նվազեցնելու է Աբովյան փողոցով անցնող երթեւեկության ծանրաբեռնվածությունը»,- նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարը եւ մարզպետը  շինարարների հետ քննարկեցին շինարարության ընթացքում ի հայտ եկած առաջնահերթ խնդիրները, տվեցին համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ։ 

Խոսրով   Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am