Անդրադարձ է կատարվել «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի հիմնադրույթներին

Armenpress 14:08, 23 Հունիս, 2022

ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Քյավառ» հեռուստաընկերությունում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարվեց  «Սոցիալ-Էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի բովանդակությանը եւ հիմնադրույթներին։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ թեմայի բանախոսներն էին  «ԷկոԼուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը եւ  «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գեւորգյանը։ Բանախոսների ներկայացմամբ՝ ծրագիրն իրականացվում է  «Տվյալներ հաշվետու եւ թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակում, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն», «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ», «Նոր հորիզոններ», «ԷկոԼուր» եւ «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպությունների կողմից։

«Այս ծրագրի մշակումը երկար ճանապարհ է անցել։ Գեղարքունիքի մարզում սկզբից ծրագրի համար որպես թիրախային երկու համայնքներ ընտրվել են Վերին Գետաշեն եւ Սոթք գյուղերը։ Առաջին համայնքում բնապահպանական եւ սոցիալական բացասական ազդեցությունը կապված է Արգիճի գետի վրա կառուցված հիդրոկայանի շահագործման, երկրորդ համայնքում՝ Սոթքի  ոսկու հանքի արդյունահանման հետ։  Բայց, կապված համայնքների խոշորացման քաղաքականության ներդրման հետ՝ հիմա այդ ծրագրի համար արդեն թիրախային են համարվում Մարտունի եւ Վարդենիս համայնքները։ Ծրագրի մշակմանը մասնակցել են համայնքների ակտիվիստներ, երիտասարդներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, մանկավարժներ, բնապահպանական եւ սոցիալական ուղղվածության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նրանք մեզ օգնել են տվյալների հավաքագրման ընթացքում, հանդես  եկել հստակ առաջարկներով, որոնք եւ ընդգրկվել են ծրագրի հիմնադրույթներում։ Հուսով ենք, որ Մարտունի եւ Վարդենիս ազդակիր համայնքներում մեր ծրագրի նախագծի փաթեթը լայնորեն կքննարկվի կազմակերպությունների ու բնակչության շրջանում եւ կընդունվի ավագանիների կողմից՝ մաս կազմելով համայնքների հնգամյա զարգացման ռազմավարական ծրագրերի»,- նշեց Անահիտ Գեւորգյանը։  

 «Այս  ծրագիրը նպատակ ունի նպաստել  ՀՀ Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի 6 թիրախ-համայնքներում սոցիալ-էկոլոգիական քաղաքականության  ներդրմանը։ Սոցիալ-էկոլոգիական քաղաքականությունը կնպաստի՝ համայնքներում կանաչ տնտեսության  զարգացմանը, էկոլոգիական ռիսկերի բացահայտմանը եւ նվազեցմանը, համայնքի զարգացման մասնակցային կառավարմանը, համայնքի զարգացման եւ  շրջակա միջավայրի  պահպանման նկատմամբ ՏԻՄ պատասխանատվության բարձրացմանը, համայնքի զարգացման մեջ բիզնես սեկտորի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության  բարձրացմանը, ֆինանսական մուտքերի, այդ թվում՝ բիզնես-սեկտորի կողմից կատարված մասհանումների նպատակային օգտագործմանը։ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) միջոցով։ Այս ծրագրի մեջ ընդգրկված թիրախային համայնքները թեեւ ընտրվել են նույն ռիսկերի ազդեցության տակ գտնվելու չափորոշիչով, սակայն դրանցից յուրաքանչյուրն ունի իրեն առանձնահուկ խնդիրների ցանկը։ Վարդենիս համայնքում, հատկապես 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո, Սոթքում եւ նրան հարակից բնակավայրերում արդեն առաջնահերթ խնդիրը դարձել է բնակչության անվտանգության խնդիրը։ Եվ այս ռիսկը կարող է հանգեցնել բնակչության արտագաղթի, եթե պետության եւ բիզնեսի կողմից չձեռնարկվեն այնպիսի քայլեր, որոնք կնվազեցնեն թե բնապահպանական, թե սոցիալական ռիսկերը։ Բացասական էկոլոգիական ազդեցության տակ գտնվող համայնքներն ունեն սոցիալ-տնտեսական  զարգացման սահմանափակ հնարավորություն, քանի որ էկոլոգիական  անբարենպաստ վիճակը լուրջ ազդեցություն է թողնում սոցիալական բարեկեցիկ  կենսապայմանների, տնտեսական գործունեության վրա: Համայնքները չունեն մշակված սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն եւ դրա մշակման համար արդյունավետ գործիքներ։ Համայնքների հնգամյա  զարգացման ծրագրերում  բացակայում է  սոցիալ-էկոլոգիական զարգացման  բաղադրիչը: Համայնքներում անբավարար են իրազեկվածությունը  էկոլոգիական ռիսկերի եւ սոցիալ-էկոլոգիական զարգացման հնարավորությունների մասին։ Ես էլ վստահ եմ, որ համայնքապետարանները կընդունեն այս ծրագիրը՝ որպես բաղկացուցիչ մաս իրենց զարգացման հնգամյա ռազմավարական ծրագրերի»,- ամփոփեց «ԷկոԼուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը։

Խոսրով  Խլղաթյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am