Քննարկվում է Գյումրիում Հնդկաստանի կառավարության օժանդակությամբ առանձին ցուցասրահ-թանգարան կառուցելու ծրագիրը․ Հնդկաստանի դեսպանը Շիրակի մարզում էր

Armenpress 15:31, 13 Հունիս, 2022

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՀՈՒՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանդիպման առանցքում Գյումրիում առանձին ցուցասրահ կառուցելու գաղափարն է եղել, որտեղ կցուցադրվեն Սարգիս Խաչատուրյանի կողմից հնդկական վիմափոր տաճարների՝ Աջանտայի քարանձավների որմնանկարների պատճենները, դրանք այժմ Հայաստանի ազգային պատկերասրահում են պահվում։

«Պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ, ուրախ եմ ձեզ հանդիպելու և քննարկելու մեր համագործակցությանն առնչվող մի շարք ծրագրեր, մասնավորապես, ինձ համար ուրախալի է, որ պետք է խոսենք Գյումրիում նոր ցուցասրահ կառուցելու ծրագրի մասին, արդյունքում շատ հիանալի նախաձեռնություն կյանքի կկոչվի։ Վստահ եմ՝ մեր համագործակցությունը կունենա ցանկալի արդյունք, և մենք ևս մեկ անգամ կվերահաստատենք մեր երկու երկրների կառավարությունների բարեկամական կապերը»,- նշել է Շիրակի մարզպետը։

Դեսպան Դեվալը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար․

«Տիկին մարզպետ, ուրախ եմ մեր հանդիպման համար, ուրախ եմ գտնվել մշակութային մայրաքաղաք համարվող Գյումրիում: Առավել ոգևորիչն այն է, որ քննարկում ենք այսպիսի կարևոր նախաձեռնություն։ Ինձ համար անչափ կարևոր է տեսնել ձեր պատրաստակամությունը»։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես, կարևորելով տնտեսական համագործակցության խորացումն ու ապակենտրոնացված բիզնես գործակցությունը, անդրադարձ է կատարվել նաև հայ-հնդկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանին ընդառաջ Գյումրիում միջոցառումներ անցկացնելու հարցին։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր ձեռնարկել հետագա համագործակցության ընդլայնման, իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովման ուղղությամբ:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am