Team Telecom Armenia-ն՝ միջազգային ՏՏ համաժողովների տեխնոլոգիական գործընկեր

Armenpress 17:25, 27 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ շաբաթ Երևանը հյուրընկալելու է EMERGE և HeyGrowth միջազգային ՏՏ համաժողովներին, որոնց, որպես տեխնոլոգիական գործընկեր, միացել է նաև Team Telecom Armenia-ն։ Ընկերությունը տելեկոմ օպերատոր լինելուց զատ հաստատուն դիրք է գրավում նաև թվային ուղղություններում՝ աջակցելով երկրում ՏՏ ոլորտի զարգացմանը։ «Հայաստանում տեղի ունեցող տեխնոլոգիական միջոցառումները, ինչպես նաև ստարտափ էկոհամակարգի զարգացումը մշտապես մեր թիմի ուշադրության կենտրոնում են։ Ուրախ ենք, որ մեր երկիրը թեև փոքր, բայց հաստատուն քայլերով առաջ է շարժվում այս ոլորտում՝ կարողանալով նաև գրավել միջազգային խաղացողների ուշադրությունը»,- ասել է Team Telecom Armenia ընկերության կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը։ Պրոդուկտների մշակման ուղղությամբ իրականացվող HeyGrowth Conference-ն այս տարի ունենալու է ավելի քան 300 մասնակից 250 ընկերություններից, որոնք քննարկումներ են ծավալելու պրոդուկտների աճի ու զարգացման այս տարվա տենդենցների և հնարավորությունների շուրջ, իսկ համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունները ներկայացնող բանախոսները կիսվելու են իրենց case study-ներով ու հաջողության պատմություններով։

Խոսելով Team Telecom Armenia-ի հետ համագործակցության մասին HeyGrowth-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Ալեքս Պիսարևսկին նշել է.

«Մենք ուրախ ենք համագործակցել ընկերությունների հետ, որոնք նպաստում են Հայաստանի զարգացմանը՝ որպես նոր տեխնոլոգիական կենտրոն: Այսօր յուրաքանչյուր ընկերության համար կարևոր է կապերի ամրապնդումն ու փորձի փոխանակումը»։ EMERGE համաժողովի նպատակն է մասնագետներին, հիմնադիրներին և ներդրողներին պատմել ՏՏ ոլորտի զարգացման միտումների ու պատկերացումների մասին, ինչպես նաև դառնալ բարձրակարգ մասնագետների միջև ցանցերի ձևավորման հարթակ դառնալ: Համաժողովին մասնակցելու են ՏՏ ոլորտի ավելի քան երկու հազար ներկայացուցիչներ` ԱՄՆ-ից, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրներից, Բալկանյան տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից: Բանախոսների թվում են TechCrunch, Microsoft, Amazon Web Services, Snap Inc., Pinterest, Google Deepmind, Glovo և բազմաթիվ այլ միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում բացի ելույթներից, բանախոսների և ներդրողների հետ դեմ առ դեմ հանդիպումներից ու մենթորական սեսիաներից տեղի է ունենալու նաև ստարտափների ամենամյա EMERGE CHALLENGE մրցույթը, որի հաղթողները ստանալու են ներդրումներ և մրցանակներ Amazon Web Services-ից։ HeyGrowth համաժողովը տեղի է ունենալու մայիսի 30-ին՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, իսկ EMERGE-ը՝ հունիսի 1-ին և 2-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am