Մհեր Գրիգորյանը կառուցողական է որակել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների առաջին հանդիպումը

Armenpress 15:50, 27 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառուցողական է որակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովների առաջին հանդիպումը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մհեր Գրիգորյանը, ով ղեկավարում է նաև Հայաստանի հանձնաժողովը, ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է, որ առաջին հանդիպմանը քննարկել են բացառապես հետագա համատեղ աշխատանքի հետ կապված կազմակերպչական հարցեր:

«Մայիսի 24-ին մենք հանդիպեցինք սահմանին: Հանդիպումը համարում եմ կառուցողական: Հանձնաժողովների հաջորդ հանդիպման ժամկետների շուրջ պայմանավորվածություն դեռևս չկա, սակայն կա հաստատում, որ հանդիպումը կայանալու է Մոսկվայում»,- ասել է Գրիգորյանը:

ՀՀ փոխվարչապետը նաև հաստատել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համատեղ համանախագահությամբ տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am