ՀՀ ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում հանդիպել է դիվանագիտական և կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ

Armenpress 20:59, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) կատարած այցի ընթացքում մի շարք հանդիպումներ են ունեցել կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,  մայիսի 25-ին Վահրամ Դումանյանը և Ժաննա Անդրեասյանը հանդիպում են ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ԱԳՆ և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչների հետ:

«Մեծ Բրիտանիայում՝ ՀՀ դեսպանատանը, հայկական պատվիրակությունը հանդիպել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի գործադիր տնօրեն Ջասթին Մըք Քենզի Սմիթի, Օտարերկրյա համագործակցության և զարգացման հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ռեբեկա Էտկինսոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի առաջնահերթություններին, հնարավոր համագործակցության եղանակներին ու մշակութային ժառանգությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդեհ Հովասափյանը:

Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտում ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը հանդիպել են պրոֆեսորադասախոսական կազմի և միջազգային համագործակցության ոլորտի ներկայացուցիչների հետ և քննարկել կրթության բարեփոխման հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն  կատարած այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանն այցելել է Դարթֆորդի դպրոց: Շրջայցի ընթացքում ԿԳՄՍ փոխնախարարը դպրոցի տնօրենի և աշխատակազմի հետ քննարկել է դպրոցի ներքին վերահսկողության համակարգի, կառավարման մոդելների, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման և խրախուսման համակարգերին վերաբերող մի շարք հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am