Գյումրիի «Հայասան» ճանաչվել է Ֆուտբոլի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի 2021-2022 թթ. առաջնության հաղթող

Armenpress 20:31, 26 Մայիս, 2022

ԳՅՈՒՄՐԻ, 26  ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայում մայիսի 26-ին  «Հայասա» ակումբն անցկացրեց իր 16-րդ անընդմեջ հաղթական հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանի Արարատ-Արմենիա թիմի հետ խաղում գյումրեցի ֆուտբոլիստուհիները 20 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակից թիմի դարպասը՝ դառնալով Ֆուտբոլի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի 2021-2022 թվականների առաջնության հաղթող:

«Հայասա»-ն խաղացել է 16 խաղ՝ հաղթել բոլոր խաղերը: 16-ից 14-ը հաղթել է խոշոր հաշվով: Ընդհանուր առմամբ, խփել է 130 գոլ, սեփական դարպասը բաց թողել միայն  3-ը»,- հայտնեց թիմի  գլխավոր մարզիչ Սենիկ Առաքելյանը՝ նշելով, որ թիմը նախորդ տարի ևս առաջնության հաղթողն էր:

Թիմի գլխավոր մարզիչը թիմի հաղթանակների գրավականը համարում է տարիների փորձն ու աշխատասիրությունը: «Նշանակալի է նաև լեգեոներների  ներկայությունը՝ ներկա պահին 8 լեգեոներներ ունենք՝ Գանայից, Ուկրաինայից, Ղազախստանից, նրանք հիմնականում բարձրակարգ ֆուտբոլիստներ են, ովքեր խաղում են իրենց երկրների հավաքականների կազմում, ինչը մեր պրոֆեսիոնալ թիմը նոր մակարդակի է բարձրացրել»,-նշեց մարզիչը՝ տեղեկացնելով, որ հաղթանակից հետո աղջիկները կարճատև հանգիստ կունենան, հետո կպատրաստվեն ՈւԵՖԱ-ի կանանց 2022-2023 չեմպիոնների լիգայի մրցաշարին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am