ՀՀ առողջապահական համակարգն արագ իրագործում է իր բարեփոխումների ծրագիրը. ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի ղեկավար

Armenpress 19:09, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ժնևում ընթացող Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպման ժամանակ քննարկվել են այն հարցերի հետևողական իրականացումը, որոնք վեր էին հանվել դեռ ապրիլին, երբ երկօրյա այցով Հայաստան էր ժամանել Հանս Կլյուգեն:

«ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի ղեկավարը հատկանշել է, որ Հայաստանի առողջապահական համակարգը կայուն տեմպերով իրագործում է իր ծրագրերը: Նա շեշտել է ոլորտային բարեփոխումների անհրաժեշտությունը` վերահաստատելով, որ պատրաստ է աջակցել կատարվող աշխատանքներին:

Կողմերը քննարկել են հոկտեմբերի 5-7-ին Երևանում իրականացվելիք Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման նախապատրաստական աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Հանս Կլյուգեն պատրաստակամություն է հայտնել աջակցել նախապատրաստական աշխատանքներին և նշել է, որ այդ հանդիպումը զգալիորեն կնպաստի արտակարգ իրավիճակների բժշկության ոլորտի հզորացման կարևոր ռազմավարությանը:

Նշվում է, որ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի ղեկավարը Անահիտ Ավանեսյանին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերին Թել Ավիվում կայանալիք տարածաշրջանային կոմիտեին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am