1000х90.jpg (78 KB)

Արցախի պատվիրակությունը հանդիպել է Լիբանանի ՀՅԴ կենտրոնական գրասենյակի անդամների և լիբանանահայերի հետ. անդրադարձել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին

Armenpress 16:02, 26 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութում մայիսի 25-ին  տեղի է ունեցել  Արցախի պատվիրակության հանդիպումը Լիբանանի ՀՅԴ կենտրոնական գրասենյակի անդամների և լիբանանահայերի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԺ-ից, հանդիպմանը ներկա են եղել Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Շահե արքեպիսկոպոս Փանոսյանը,  2022թ. մայիսի 15-ին ընտրված հայ պատգամավորներ, գործող ու նախկին նախարարներ։

Արթուր Թովմասյանը ելույթով հանդես է եկել  լիբանանահայ համայնքի առջև՝ ընդգծելով Լիբանանի ցուցաբերած  անսահման աջակցությունը ինչպես 1915-1922 թթ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովրդին,այնպես էլ արցախահայությանը։

Անդրադառնալով մայիսի 25-ին Ստեփանակերտում կայացած Անվտանգության խորհրդի նիստին՝ Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավարը վերահաստատել է նախագահի որոշումը, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու մասին» ձևակերպումը։ ԱԺ նախագահը նույնպես շեշտել է, որ այդ ձևակերպումը չի արտահայտում անցած 30 տարիների ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձևակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։

ԱԺ նախագահը վստահորեն  հայտարարել է, որ Արցախի ապագան հնարավոր է բացառապես Ադրբեջանի կազմից դուրս։ Արցախի նախագահի արտահայտած  մտքերն, ըստ Արթուր Թովմասյանի, համահունչ են Արցախի խորհրդարանի 4 +1 խմբակցությունների հրապարակած վերջին հայտարարություններին։

Արթուր Թովմասյանը  լիբանանահայ համայնքին է ներկայացրել Արցախի հետպատերազմյան իրողություններից բխած իրավիճակը, ընդգծել, որ Արցախի Հանրապետության իշխանությունների գերխնդիրն է՝ օր առաջ լուծել բռնի տեղահանված արցախցիների բնակարանային և սոցիալական խնդիրները։

Խորհրդարանի ղեկավարն  անդրադարձել է նաև 2020 թ. պատերազմի ընթացքում Արցախի ԱԺ-ի գումարած նիստերին, ինչպես նաև տասնյակ պետությունների քաղաքների կողմից Արցախի անկախության ճանաչմանը, ԱԺ հայտարարություններին։

Իր խոսքում Ազգային ժողովի նախագահն առանձնահատուկ կարևորել է Արցախում ռուս խաղաղապահ ուժերի դերակատարությունը. «Արցախի ժողովրդի անվտանգության հուսալի երաշխավորներ  են  Արցախի Պաշպանության բանակը  և ռուս խաղաղապահ զորակազմը»։

Հանդիպման վերջում պատվիրակության պատվին կազմակերպվել էր համերգ, որի ընթացքում հնչել են հայրենասիրական, հատկապես՝ Արցախին նվիրված երգեր։

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև «ՀՅԴ»  խմբակցության ղեկավար Արթուր  Մոսիյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am