Ձևակերպումների շուրջ կողմերի միջև hամաձայնություն ձեռք չի բերվել. Փաշինյանը՝ Բրյուսելում եռակողմ հանդիպման մասին

Armenpress 17:50, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում ԼՂ հիմնախնդրի հարցով հայկական և ադրբեջանական կողմերի միջև ձևակերպումների շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, և ԵԽ նախագահը որոշել է հնչեցնել մեկնաբանություններ, որոնք, իր տեսակետով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեին երկու կողմերի դիրքորոշումներից ձևակերպումների շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցին:

Պատգամավորը մեջբերում արեց Բրյուսելի հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից. «Ես նաև երկու ղեկավարների առաջ շեշտեցի, որ անհրաժեշտ է անդրադառնալ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին և անվտանգությանը»:

Ըստ Եղոյանի՝ հայկական մեդիատիրույթում այս խոսքերը տարբեր կերպ են մեկնաբանվել: «Շահարկվեց նաև, թե սա նշանակում է, որ Արցախի ինքնորոշման իրավունքը դուրս է մղվում օրակարգից, թե ԵՄ-ն ևս չի դիտարկում Արցախի առանձին կարգավիճակի հնարավորությունը, սա հետնահանջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգից»,-ասաց Եղոյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից առնվազն երկուսը ողջունել և աջակցել են այդ բանակցություններին, քննարկումներին: Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող հանդիսացող երկիրը վերահաստատել է այն սկզբունքները, որոնք դրված են ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործում: Վարչապետը նաև հիշեցրեց, որ Մինսկի խմբի համանախագահող հանդիսացող ՌԴ-ի նախագահի հետ երկկողմ հայտարարության մեջ արձանագրվել է ԼՂ հակամարտության կարգավորման կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության պոտենցիալի օգտագործումն այդ առումով:

«Բրյուսելում Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի է ունեցել շատ լուրջ քննարկում, և այդ քննարկման արդյունքներով արձանագրվել են Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները»,-ասաց վարչապետը:

Նա ընդգծեց՝ ընդ որում այդ տարբերություններն արտահայտված են հրապարակայնորեն. Ադրբեջանը համարում է, որ ԼՂ-ի հիմնախնդիրը լուծված է, ՀՀ-ն համարում է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ:

«Եվ խաղաղության բանակցությունների հնարավոր համատեքստում, գիտեք, որ Ադրբեջանը ներկայացրել է իր 5 սկզբունքները, մենք էլ ներկայացրել ենք մեր դիտարկումներն ու օրակարգն այդ կապակցությամբ և ասել ենք, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենան բանակցություններ: Մեր առաջադրած սկզբունքներով արձանագրված է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը: Եվ քանի որ քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձևակերպվել կողմերի միջև ձևակերպումների շուրջ, ԵԽ նախագահը որոշել է իր կողմից անել մեկնաբանություններ, որոնք, իր տեսակետով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեն երկու կողմերի դիրքորոշումներից: Թե ինչքանով է դա ստացվել, ինչքանով է ճշգրիտ, այլ հարց է: Այլ բան, որ մենք մեր դիրքորոշումներն արտահայտել ենք, և այդ դիրքորոշումների մեջ, բնականաբար, որևէ փոփոխություն չկա: Եվ մենք շարունակելու ենք հետևողականորեն գնալ այդ ճանապարհով»,-ասաց Փաշինյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am