1000х90.jpg (78 KB)

Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է Իսրայելի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումը

Armenpress 16:02, 25 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է հանդիպման արդյունքները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նա նշել է, որ Թուրքիան և Իսրայելը միակարծիք են երկխոսության տարբեր մեխանիզմներ ձևավորելու և երկկողմ հարաբերությունները խթանելու անհրաժեշտության հարցում։ Չավուշօղլուն նաև ընդգծել է Իսրայելի հետ առևտրի ծավալներն ավելացնելու Անկարայի պատրաստակամությունը։

Անդրադառնալով պաղեստինա-իսրայելական հակամարտությանը՝ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան հանդես է գալիս «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքի վրա հիմնված կարգավորման օգտին:

«Մենք կարծում ենք, որ այս սկզբունքը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության միակ ճանապարհն է»,-ասել է Չավուշօղլուն:

Նա նշել է,  որ իր իսրայելցի գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել Թուրքիայի զգայունությունը իսլամական սրբավայրի՝ Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի կարգավիճակի վերաբերյալ։

Իր հերթին, Իսրայելի արտգործնախարարը նշել է, որ Թուրքիայի արտգործնախարարի` 15 տարվա ընթացքում առաջին այցը իրենց երկիր կարող է նպաստել ոչ միայն դիվանագիտության և անվտանգության ոլորտում համագործակցությանը, այլև տնտեսական կապերին։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am