1000х90.jpg (78 KB)

Հայկական Արգենտինան՝ շատ ջերմ ու հյուրընկալ. «Արմենպրես»-ի տնօրենն այցելել է համայնքային կառույցներ և լրատվամիջոցներ

Armenpress 18:08, 24 Մայիս, 2022

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրես այցի ընթացքում «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանին հյուրընկալել են համայնքային կառույցները և հայկական լրատվամիջոցները, քննարկել հայրենիքի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման գործում լրատվամիջոցների առաքելությունն ու աշխարհասփյուռ հայկական համայնքների կենսագործունեությանն անդրադարձների ակտիվացման կարևորությունը:

Նարինե Նազարյանը և Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Վիրաբյանը նախ այցելել են Բուենոս Այրեսի հայկական Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար, որտեղ հոգևոր դասն աղոթք է հղել առ Աստված Հայաստանից հյուրի այցելության առիթով: Ապա նրանց իր հարկի տակ ընդունել է Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը՝ բարի ընթացք մաղթելով հայկական պետական լրատվական գործակալությանն իր հայրենանվեր առաքելության մեջ:

Հանդիպմանը մասնակցում էին «Հայ կենտրոն»-ի նախագահ Կառլոս Վարդի Մանուկյանը, հոգևորականներ, հոգաբարձուների խորհրդի անդամներ: Մեծապես կարևորվել է 100-ամյա կենսագրությամբ «Հայ կենտրոն»-ի դերը համայնքային կյանքում՝ հետագա արգասաբեր աշխատանքի մաղթանքով՝ ի շահ արգենտինահայերի և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման:

Նարինե Նազարյանը ներկայացրել է վերջին տարիներին գործակալության կատարած աշխատանքը՝ թե լուրերի բովանդակային դիվերսիֆիկացիայի, թե ավելի լայն սփռման գործիքների կիրառման, նոր լեզուների ներդրման, թե համայնքային կառույցներին անդրադարձների ու հայ ժողովրդի համար նշանակալի իրադարձությունների կապակցությամբ աշխարհասփյուռ հայկական գաղթօջախներում անցկացվող միջոցառումների լուսաբանման առումով: Ներկաները բարձր են գնահատել՝ հայրենիքից հավասարակշիռ, համակողմանի, օպերատիվ ու օբյեկտիվ տեղեկատվության ստացման գործում «Արմենպրես»-ի դերն ու նշանակությունը՝ Արգենտինայի ազգային ՏԵԼԱՄ լրատվական գործակալության հետ ստորագրված համագործակցության համաձայնագիրն ու «Արմենպրես»-ի իսպաներեն բաժնի բացումը լուրջ քայլ համարելով իսպանախոս բավական մեծ ու ընդգրկուն համայնքներում գործակալության վստահելի լրատվությունը տարածելու հարցում:

Այնուհետև Նարինե Նազարյանը հյուրընկալվել է Հայկական մշակութային միությունում, որտեղ հանդիպել է Diario ARMENIA-ի տնօրեն Պաբլո Կենտիկյանի և համայնքի ղեկավարներ Ալեխանդրո Շահբազյանի և Պաբլո Սիսմանյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Սփյուռքի հայկական լրատվամիջոցների առջև ծառացած խնդիրները, լուծման և առավել սերտ համագործակցության անհրաժեշտությունը։

«Արմենպրես»-ի տնօրենը շնորհավորել է Diario ARMENIA-ին հիմնադրման 91-ամյակի առիթով և կարևորել լրատվամիջոցի դերը իսպանախոս հայկական սփյուռքից նորությունների տարածման գործում: «Արմենպրես»-ը ևս իր լրահոսում տարածում է Diario ARMENIA-ի հրապարակած տեղեկությունները հայ ժողովրդին առնչվող թեմաների վերաբերյալ:

Նազարյանն այցելել է նաև Թեքեյան մշակութային միություն՝ հանդիպելու «Սարդարապատ» շաբաթաթերթի խմբագրակազմի հետ: Տնօրեն Սերխիո Նահապետյանը ողջունել է «Արմենպրես»-ի տնօրենին այցի առիթով և շնորհավորել ՏԵԼԱՄ-ի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ: Երկուստեք կարևորվել են նման այցելությունները՝ փոխադարձ ճանաչման, լրատվության փոխանակման, Հայրենիքի հետ կապերի ամրապնդման նպատակով: Շաբաթաթերթի խմբագրակազմը Նազարյանին նվիրել է Սարդարապատի մանրակերտը՝ ջերմ ու ընտանեկան մթնոլորտում ամփոփելով հանդիպումը:

«Նոր Սևան» այցելությունը ևս արդյունավետ էր՝ գործակցության հետագա հնարավորությունները մատնանշելու առումով:

Լրատվամիջոցի տնօրեն Էմիլիանո Լոմլոմջյանի, ղեկավարներ Ադրիան Լոմլոմջյանի, Ադրիանա Կամարա Կասբարյանի և Կառլոս Աղայայի, այլ ներկայացուցիչների հետ քննարկումներում կարևոր տեղ էին գրավում լրատվամիջոցների՝ սեփական բովանդակությունը ժամանակակից տեխնոլոգիական տարբեր գործիքներով տարածելու, սոցցանցային հնարավորություններից օգտվելու հարցերը:

Էմիլիանո Լոմլոմջյանը շատ կարևոր դիտարկում է արել՝ ընդգծելով, որ տարբեր երկրների հայկական համայնքները ևս պետք է ակտիվ լինեն մեկը մյուսի հետ համագործակցության, միմյանց վերաբերյալ լուսաբանումների հարցում՝ որպես օրինակ նշելով «Նոր Սևան»-ի ակտիվ ներգրավվածությունը Ստամբուլի հայկական համայնքի գործունեության լուսաբանման հարցում:

Հանդիպմանը մասնակցել են նաև Ֆեդերիկո Լոմլոմջյանը՝ «La voz armenia» ռադիոյից, Ալեխանդրո Բուդանո Սերվերյանը՝ «Կիլիկա» ռադիոյից և Ռաֆֆիկ Գրիգորյանը՝ «Կայանե» պարային խմբից:

Նարինե Նազարյանը հայկական համայնքային կառույցների և լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել է այցելել «Արմենպրես»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am