1000х90.jpg (78 KB)

Պայքար խաղամոլության դեմ. կարգելվի կանխիկ եղանակով խաղադրույքներ կատարելը

Armenpress 15:46, 24 Մայիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կանխիկ եղանակով խաղադրույքների իրականացումն արգելել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց օրենքի համահեղինակներից  Գևորգ Պապոյանը:

Նա շեշտեց՝ իշխանության համար շատ կարևոր խնդիր է խաղամոլության դեմ պայքարը, և իրենք տարբեր գործիքներ են կիրառելու, որպեսզի պայքարեն խաղամոլության դեմ: «Այս օրենսդրական նախաձեռնությունը հերթական քայլերից մեկն է խաղամոլության դեմ պայքարի շրջանակներում: Օրենքն ուժի մեջ մտնելուց 10 օր հետո Հայաստանում հնարավոր չի լինելու իրականացնել կանխիկով խաղադրույք: Բացի այդ, 6 ամիս հետո հնարավոր չի լինելու խաղադրույք կատարել այն վճարային սարքերի միջոցով, որոնք կան փողոցներում»,-ասաց Պապոյանը:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ խաղադրույքների մեծ մասը հենց այդ սարքերի միջոցով է տեղի ունենում: Հնարավորություն է լինելու խաղադրույք իրականացնել միայն բանկային հաշիվներից բանկային քարտերի միջոցով: «Այսինքն՝ մենք անցնում ենք 100-տոկոսանոց անկանխիկ խաղադրույքի քաղաքականության»,- նշեց պատգամավորը:

Սա խաղամոլության դեմ պայքարի քաղաքականության շրջանակում հերթական քայլն է: Պատգամավորը վստահեցրեց, որ ապագայում ևս իրականացնելու են այլ գործողություններ, որոնք միտված են լինելու այդ պայքարին: «Այս եղանակով ոչ միայն սահմանափակում ենք մարդկանց խաղալու հնարավորությունները, այլ նաև սա մեզ հնարավորություն կտա որոշակի պատկեր տեսնել, թե իրականում ինչպիսի շրջանառություն կա ոլորտում»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ հիմա մտածում են որոշակի քաղաքականություն մշակելու ուղղությամբ՝ որոշակի սահմանափակումներ կիրառել տարբեր իրավիճակներում խաղալու հնարավորությունների հետ կապված:

Պատգամավորը նկատեց, որ սա լավ հնարավորություն կլինի՝ ապագայում ավելի ճիշտ հարկման համակարգի գնալու: Այս ոլորտում հարկերը բազմապատիկ անգամ ավելի քիչ են: «Կարծում ենք, որ այս ոլորտում հարկերն ավելացնելու լավ հնարավորություն կա»,- ասաց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am