Շիրակի պետական համալսարանի ռազմական ամբիոնի 13 աղջիկ-շրջանավարտների շնորհվեց լեյտենանտի կոչում

Armenpress 17:39, 23 Մայիս, 2022

ԳՅՈՒՄՐԻ,  23 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի պետական համալսարանի ռազմական ամբիոնի 13 աղջիկ-շրջանավարտների մայիսի 23-ին շնորհվեց առաջին սպայական «‎լեյտենանտ» զինվորական կոչումը: Ինչպես  տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կոչումը շնորհվել է գերազանց առաջադիմություն ցուցաբերելու, պահեստազորային պատրաստության շրջանակներում կազմակերպած միջոցառումներին մասնակցելու համար։

«Ինձ համար այնքան ոգևորիչ է, որ այսօր հատկապես իգական սեռի ներկայացուցիչներն են կոչում ստանում։ Ես տեսնում եմ ձեր կրակոտ աչքերը և լիահույս եմ, որ նույն ոգևորությամբ ծառայելու եք հայրենիքին և մեր սերունդների կրթման ու դաստիարակման հարցում դուք ձեր ավանդը կունենաք։ Առաջին քայլերն եք անում և ուրախալին այն է, որ ի դեմս ձեզ՝ ունենանք շատ լավ երիտասարդություն, և սա նշանակում է, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է։ Ձեզ բարի ընթացք, բարի ծառայություն»,-շնորհավորելով ՀՀ զինված ուժերի սպաներին՝ նշեց  Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Շրջանավարտներին սպայական ուսադիրների հանձման հանդիսավոր արարողության մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության, Շիրակի մարզային և քաղաքային իշխանությունների, ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, ՇՊՀ դասախոսներ։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am